ԼՂՀ վարչապետ. 1996-2008 թթ. Հայաստանը վարկից բացի ոչնչով Ղարաբաղին չէր աջակցում

ԼՂՀ վարչապետ. 1996-2008 թթ. Հայաստանը վարկից բացի ոչնչով Ղարաբաղին չէր աջակցում

PanARMENIAN.Net - ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը զուգահեռներ է անցկացրել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ղեկավարած տարիներին Հայաստանի` Լեռնային Ղարաբաղին տրամադրած աջակցությունների միջև: Նա ընդգծել է, որ մինչև 2008 թվականն Արցախը տնտեսական աճ չի արձանագրել, որը ոչ թե Արցախյան իշխանության բացթողումն է եղել, այլ՝ Հայաստանի, գրում է Aravot.am-ը:

«Տիգրան Սարգսյանի հետ հերթական հանդիպման ժամանակ ես շնորհակալությունս եմ հայտնել ու համեմատել պատերազմական տարիների հետ, երբ որ Հայաստանը լինելով ծանր վիճակում ամեն ինչով աջակցում էր, իհարկե, այսօր էլ այդպես էր, երեկ էլ այդպես էր` մանավանդ 2008 թվականից սկսած»,- ասել է նա՝ հատուկ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ 2008 թվականից սկսած հարաբերությունները Հայաստանի Հանրապետության հետ ոչ միայն սահմանափակվել են ֆինանսական միջպետական վարկով, այլ ներդրումներ ներգրավելու, տարբեր ծրագրեր իրականացնելու առումով:

«Իսկ մինչև 2008 թվականը այդպիսի հնարավորություններ չկար, դրա համար էներգետիկան չէր զարգանում Արցախում, գյուղատնտեսությունում ակտիվ վարկավորում չէր կատարվում, դրա համար 1996 թվականից մինչև 2008 թվականը մի նոր տեխնիկա Ղարաբաղ չի եկել: Դա Ղարաբաղյան իշխանության անգործության արդյունքը չէր: Այո, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այն վերաբերմունքը չկար, ինչպիսին որ այսօր ունենք: Դրա համար մեզ հաջողվում է ավելի մեծ տնտեսական աճ ապահովել: Իսկ թե ինչ թիվ էր 2008-ը, դուք գիտեք` ինչ թիվ էր Հայաստանի Հանրապետության համար»,- ասել է նա:

Վարչապետը ԼՂՀ տնտեսության զարգացումը բաժանել է 3 փուլի՝ նշելով, որ այժմ աճն ապահովող հիմնական ճյուղը էներգետիկան է, փոխվել է նաև ՀՆԱ աճի կառուցվածքը.

«ՀՆԱ-ի աճն ապահովող ոլորտը հիդրոէներգետիկան է: Եթե 2002 -2007 թվականներին միջինը 90 միլիոն կիլովատ էլեկտրաէներգիա էր արտադրվում, ապա այս տարի՝ 300 միլիոն, և գնալով ավելանում է: Դա միայն էլեկտրաէներգիայի արտադրությունը չէ, դա շինարարություն էլ է: Ինչո՞ւ դա Հայաստանում չկա, որովհետև Հայաստանում այդ պոտենցիալն օգտագործել են 2000-2008 թվականներին: Լեռնային Ղարաբաղի տնտեսությունը փուլերի է բաժանվում՝ 1992-1996 թվականներ, երբ Հայաստանն ամեն ինչով աջակցում էր Ղարաբաղին: 1996-2008 թվականներ, երբ ոչ մի բանով չէր աջակցում, բացի՝ միջպետական վարկ էր տրամադրում, դրա տրամաբանությունն էլ ուրիշ էր: Եվ 2009-ից մինչև օրս, որ ամեն ինչով աջակցում է, մանավանդ՝ ներդրումային դաշտի զարգացման և խթանման ուղղությամբ, որի արդյունքում ապահովել ենք բավականին մեծ ներդրումներ»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

ԼՂՀ-ում վերջին 10 տարիների ընթացքում իրականացվող տնտեսական քաղաքականության շնորհիվ ապահովվել է կայուն տնտեսական աճ, որի միջին տարեկան ցուցանիշը կազմել է մոտ 10%: 2015 թվականի համախառն ներքին արդյունքն՝ ՀՆԱ-ն իրական արտահայտությամբ աճել է 9,1%-ով, կազմելով 438 միլիոն դոլարին համարժեք դրամ: 2015 թվականին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 3 հազար դոլար, որը մոտ 4 անգամ գերազանցում է 2006 թվականի մակարդակը:

Կարդացեք նաև. ԼՂՀ-ն ծրագրում է 2018-ին առաջ անցնել ՀՀ-ից 1 շնչին հասնող ՀՆԱ-ով

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---