Ֆինանսների նախարար. Բանակի համար բոլորս ենք պատասխանատու

Ֆինանսների նախարար. Բանակի համար բոլորս ենք պատասխանատու

PanARMENIAN.Net - Անկախ մեր ցանկությունից, գտնվում ենք կիսապատերազմական վիճակում, ուստի բանակի համար հենարան ապահովելը բոլորիս պարտականությունն է: Այս մասին նոյեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ անդրադառնալով զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումների համար պետական ապահովագրական վճար տրամադրելու մասին նախագծին:

Կառավարության որոշման համաձայն՝ հօգուտ պաշտպանության նախարարության նորաստեղծ հիմնադրամի յուրաքանչյուր աշխատողից ամսական 1000 դրամ կգանձվի:

«Գաղափարախոսությունը, որը դրված է նոր համակարգի մեջ, մի փոքր այլ է՝ ազգ-բանակ գաղափարախոսությունն է, և բանակի հետ կապված պատասխանատվությունը ընկած է բոլորիս վրա»,- ասել է նա՝ նշելով, որ այս ամենի հիմքում դրված մեխանիզմը ոչ այլ ինչ է, քան մաքուր ապահովագրություն. «Ապահովագրությունն էլ իր մեջ ունի տրամաբանություն և փիլիսոփայություն, և եթե տրամաբանական մի քանի ցուցանիշները չես պահպանում, ապահովագրական համակարգը փլուզվում է»,- մեջբերում է Panorama.am-ը:

2017թ հունվարի 28-ից հետո առաջացած մահվան դեպքում յուրաքանչյուր զինծառայողի ընտանիքին պետք է հատկացվի միանվագ 10 մլն դրամ։ Այնուհետև, եթե զոհվածը սպա է, նրա ընտանիքին ամսական 300 հազար դրամ նպաստ, ենթասպայի դեպքում՝ 250, իսկ շարքային զինծառայողի դեպքում՝ 200 հազարական դրամ։ Եթե զինծառայողը վիրավոր է և երկրորդ կարգի հաշմանդամ է, ապա նրան կտրվի 5 մլն դրամ միանվագ օգնություն և համապատասխանաբարար՝ 250, 150 և 100 հազարական դրամ։ Նախատեսվում են նաև այլ փոխհատուցումներ ուսանող երեխա ունենալու և այլ դեպքերի համար։

Վարդան Արամյանի խոսքով՝ ապահովագրական համակարգի առաջին կարևոր ցուցանիշը մուտքային մասերի կանխատեսելի լինելն է.

«Երբ դու ապահովագրում ես ինչ-որ ռիսկ, իսկ ռիսկն այն է, որ Աստված մի արասցե, որևէ զինծառայող իր պարտականությունները կատարելու ժամանակ մահանա կամ դառնա հաշմանդամ, դա նշանակում է, որ իր ընտանիքը զրկվում է ապագա եկամուտներից, քանի որ նույն զինծառայողը պետք է ապահովեր իր ընտանիքի բարօրությունը: Այսինքն՝ պետք է լինի պահովագրական համակարգ, որն առաջիկա տարիներին, իսկ մենք ընտրել ենք 20 տարին, կարողանա կորցրած ապագայի եկամուտները փոխհատուցել»:

Նա նաև նշել է, որ այս հարցում ավելի շատ ակնկալում են այլ աղբյուրներից եկամուտներ, բայց այստեղ կա հոգեբանական մոտեցում, որ բանակը կարևոր է բոլորիս համար՝ անկախ սոցիալական կարգավիճակից ու գտնվելու վայրից:

«Եթե մտածենք այլ մեխանիզմներ, ապա դրանք ևս կքննարկենք»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ հաճախ իրեն ասում են՝ գնացեք, ստվերը բացահայտեք, ստվերից բերեք եկամուտներ:

«Միգուցե տրամաբանական է, բայց դա հստակ եկամուտներ չի կարող ապահովել: Հետևաբար, կվտանգվի այդ ամբողջ ապահովագրական համակարգը: Ամենակարևորն այստեղ այն է, որ այդ համակարգը ժողովրդի համար պետք է լինի տեսանելի, թափանցիկ, ընկալելի և շատ պարզ»,- ընդգծել է նա:

Անդրադառնալով սոցիալական խնդիրներին՝ Վարդան Արամյանն ասել է, թե սոցիալական խնդիրները մշտապես եղել են և առաջիկա տարիներին կլինեն, քանի որ Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող ազգային եկամուտը դեռևս կազմում է 3500 դոլար: Նախարարն ընդունում է, որ կլինեն մարդիկ, որոնք կարող են դժվարանալ ամսական 1000 դրամ վճարել, բայց, ըստ Վարդան Արամյանի, բոլորը պետք է բանակի հանդեպ պատասխանատվություն զգան և այս հարցին պետք է նայել որպես ազգի քաղաքացի, ոչ թե՝ որպես եկամուտ ունեցող:

Կարդացեք նաև՝ Նախարար. 1000-ական դրամ վճարի դեպքում հիմնադրամում տարեկան կհավաքվի մոտ 3,5 մլրդ դրամ

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---