Ավելի քան 130 լքված կրպակ է ապամոնտաժվել Երևանում 2016-ին

Ավելի քան 130 լքված կրպակ է ապամոնտաժվել Երևանում 2016-ին

PanARMENIAN.Net - Արդեն երրորդ տարին է, ինչ մայրաքաղաքի վարչական շրջաններում իրականացվում են լքված ու անգործության մատնված կրպակների, առևտրային տաղավարների ապամոնտաժման աշխատանքները: Ծրագրի ընթացքին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում հետևել է Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը:

Օհանյանը տեղեկացրել է, որ եղել են դեպքեր, երբ անգամ իրավական կարգավիճակ ունեցող կրպակների վարձակալները կամովին հրաժարվել են պայմանագրերից, ապամոնտաժել են կրպակներն ու տարածքները բերել նախկին տեսքի: 2016-ին հաշվառվել էր 228 լքված կամ անգործության մատնված կրպակ, դրանցից 34-ը տարվա ընթացքում սկսել են գործել, իսկ մինչ օրս քանդվել է 130-ից ավելի կրպակ, մյուսները կապամոնտաժվեն մինչև տարեվերջ, սակայն գործընթացը շարունակական բնույթ կկրի:

Կրպակներից կատարվող առևտուրը ժամանակին փոխարինելու էր եկել շարժական սեղաններից և մեքենաների կցորդներից իրականացվող առևտրին: Տարիների ընթացքում փակվեցին նաև բազմաթիվ կրպակներ: Դրանց ապամոնտաժումը դասակարգվել է 2 խմբի. այնպիսիք, որոնց տերերը հայտնի են, սակայն կրպակները նրանց պետք չեն, և լքված կրպակներ, որոնց տերերն անհայտ են:

Քաղաքականությունը հետևյալն է. մանր ու միջին ձեռնարկատերերն այժմ էլ շարունակում են գործունեությունը, և այդ առումով երևույթին քաղաքապետարանը որևէ կերպ չի խոչընդոտում, քանդման ենթական են միայն լքված կամ այսպես ասած փակ կրպակները, որոնք ի հայտ են գալիս ամենամյա գույքագրման արդյունքում: Ընդ որում, կրպակների մի մասն ունի իրավական կարգավիճակ, մյուս մասը չունի:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---