ՀՔԾ. Սարի թաղում հուլիսյան բախումները նախապես էին ծրագրավորված

ՀՔԾ. Սարի թաղում հուլիսյան բախումները նախապես էին ծրագրավորված

PanARMENIAN.Net - 2016-ի հուլիսի 29-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևանի «Սարի թաղ» թաղամասում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը պահանջվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունից և ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը զավթելու և պատանդ վերցնելու դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործին միացնելու և համատեղ քննություն կատարելու համար:

Քրգործի նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ նույն օրը Երևան քաղաքի Ազատության հրապարակից քաղաքացիների երթը մեկնարկելուց առաջ նախապես ծրագրվել, նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել «Սարի թաղ» թաղամասում զանգվածային անկարգություններ իրականացնելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով ճեղքել ոստիկանական պատնեշը, անկարգության մասնակիցներին հասցնել ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդ, օժանդակել հուլիսի 17-ից հիշյալ գունդը զավթած անձանց հանցավոր գործողություններին:

Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը: Հուլիսի 19-ին ի պաշտպանություն նրանց ցույց է կազմակերպվել, որի ընթացքում բախումներ են եղել, ցուցարարները ոստիկանների ուղղությամբ քարեր են շպրտել:

Հուլիսի լույս 29-ի գիշերը Սարի թաղում և Խորենացի փողոցում ցույցերը ցրելու ընթացքում բերման էր ենթարկվել 165 մարդ, 73-ը հոսպիտալացվել էր: Ցուցարարներից բացի տուժել էին լրագրողներ ու Սարի թաղի հասարակ բնակիչներ:

Սարի թաղից 10 քաղաքացի է կալանքի տակ գտնվում: Հուլիսի 19-ին տեղի ունեցած բախումներից հետո ձերբակալված այս քաղաքացիները մեղադրվում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու, մասնակցելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ, ինչի համար նրանց սպառնում է 5-ից 10 տարվա ազատազրկում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---