ՀՀ նախագահը «Իսկանդերի» մասին. Եթե քեզ ամեն օր պատերազմով են սպառնում, պետք է քայլեր ձեռնարկես

ՀՀ նախագահը «Իսկանդերի» մասին. Եթե քեզ ամեն օր պատերազմով են սպառնում, պետք է քայլեր ձեռնարկես

PanARMENIAN.Net - «Իսկանդեր» հրթիռային համակարգերի տեղակայումը Հայաստանում պարտադրված քայլ է` ուղղված կայունության պահպանմանը տարածաշրջանում: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Ռոսիա սեգոդնյա»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Կարծում եմ, դա հարկադրված քայլ էր, ուղղված ռազմական իրավիճակի հավասարակշռմանը տարածաշրջանում: Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին Ադրբեջանը մշտապես նորագույն զենք է ձեռք բերել: Մենք չունենք Ադրբեջանի պես հնարավորություններ, նկատի ունեմ ֆինանսական, սակայն մենք մշտապես ձգտում ենք հավասարակշռել իրավիճակը` հակազդեցություն գտնելով: Կարծում եմ, որ այս դեպքում «Իսկանդերը» հենց այդպիսի «հակաթույն է»,-ասել է Սարգսյանը:

«Անշուշտ, սպառազինությունների մրցավազքը լավ իրավիճակ չէ, մենք չէինք ցանկանա դրան գնալ, բայց ինչ անել, եթե քեզ ամեն օր պատերազմով են սպառնում, ֆիզիկական բնաջնջմամբ: Դու պետք է համապատասխան քայլեր ձեռնարկես»,-ասել է ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ Հայաստանը ՌԴ հետ պայմանագիր ունի տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման վերաբերյալ:

«Կարծում եմ, Ռուսաստանը, ելնելով դրանից, ընդառաջ գնաց մեր խնդրանքին և տրամադրեց մեզ ռազմական առումով գերազանց այդ համակարգը: Անշուշտ, գուցե, մարդկության համար լավ կլիներ, որ նման համակարգեր ընդհանրապես չլինեին, բայց երբ ստիպված ես, գնում ես դրան»,-ասել է նախագահը:

Սեպտեմբերի 21-ին կայացած զորահանդեսի ժամանակ ՀՀ-ն ցուցադրել էր «Սմերչ» համակարգերը, ինչպես նաև «Բուկ» ՀՕՊ և «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռները, որոնց մատակարարումը, սակայն, 2015-ին կնքված ռուս-հայկական $200 մլն վարկով նախատեսված չէր:

ՀՀ Զինված ուժերին մատակարարված «Իսկանդեր» հրթիռային համակարգը «Է»՝ արտահանման ենթակա մոդիֆիկացիան է, 300 կմ հեռահարությամբ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---