Հունաստանի հայ համայնքը սկսում է դրամահավաք-հեռախոսամարաթոնը

Հունաստանի հայ համայնքը սկսում է դրամահավաք-հեռախոսամարաթոնը

PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հունաստանի տեղական մարմինը նոյեմբերի 19-ին սկսելու է իր 6-րդ դրամահավաք-հեռախոսամարաթոնը: Հիմնադրամից հայտնում են, որ երկօրյա դրամահավաքի ընթացքում կամավորները հեռախոսազանգերով կկապվեն համայնքի մոտ 1600 ընտանիքների հետ՝ հորդորելով նվիրատվություններ կատարել, ինչն այս տարի ևս կուղղվի Քարին Տակ համայնքի (ԼՂՀ Շուշիի շրջան) մանկապարտեզի կառուցման համաֆինանսավորմանը:

«Հունահայ փոքր համայնքի համար դժվար է մեծ ծրագրեր իրականացնել, բայց արդեն կա այլ տեղական մարմինների հետ համատեղ ձեռնարկների իրականացման փորձ, ինչը նաև միաբանության գեղեցիկ խորհրդանիշ է: Այսկերպ կառուցվել է նաև Խաչմաչի համայնքային կենտրոնը»,- ասել է Հիմնադրամի Հունաստանի տեղական մարմնի ատենապետ Վաչե Տեր-Կարապետյանը և հույս հայտնել, որ եթե այս տարվա դրամահավաքը գերազանցի ակնկալվող թիվը, ապա ևս մեկ ծրագիր կստանձնեն:

Հեռախոսամարաթոնի, ինչպես նաև ընթացիկ տարվա մյուս բոլոր դրամահավաք միջոցառումների արդյունքները կհրապարակվեն տարվա գլխավոր դրամահավաքի օրը՝ նոյեմբերի 24-ին, Հեռուստամարաթոն 2016-ի ուղիղ եթերում:

Հունաստանի տեղական մարմինը հեռախոսամարաթոններ է իրականացնում սկսած 2010թ.-ից: Կիրառելով Ֆրանսիայում կազմակերպվող համաեվրոպական հեռախոսամարաթոնի փորձն ու մշակույթը՝ հունահայ համայնքն արդեն ավելի քան 140.000 եվրոյի ներդրում է կատարել հայրենիքում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---