Վաճառքի խոշոր ցանցերի ներկայացուցիչների հետ քննարկվել են սննդամթերքի իրացման պահանջները

Վաճառքի խոշոր ցանցերի ներկայացուցիչների հետ քննարկվել են սննդամթերքի իրացման պահանջները

PanARMENIAN.Net - Վերջին տարիներին հանրապետությունում գործող իրացման խոշոր ցանցերում իրականացված պետական վերահսկողության արդյունքները, ինչպես նաև սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններից և քաղաքացիներից ստացված բազմաթիվ բողոքները վկայում են այդ ոլորտում որոշակի խնդիրների մասին, տեղեկացնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:

Առաջնորդվելով ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ի այն սկզբունքով, որ խնդիրները հաճախ կարող են լինել չիմացության արդյունք և պետք է տնտեսավարողների հետ նախ քննարկումներ կազմակերպել, խոհրդատվություն և հնարավոր խախտումները շտկելու հնարավորություն տալ, նոյեմբերի 21-ին ծառայություն էին հրավիրվել Երևանում գործող իրացման խոշոր՝ «Վաս Գրուպ», «Ծիրան», «Պարմա», «Էվրիկա Գրուպ», «Քարֆուր», «Սաս Գրուպ», «Նոր Զովք», «Կրպակ», «Ալեքս Գրիգ», «Տիտան», «Հայր և որդի Երիցյաններ» ՍՊԸ-ների, «Արև» սուպերմարկետների ցանցի, «Ֆրեշ» սուպերմարկետի, ներկայացուցիչները:

Ծառայության պետ Իշխան Կարապետյանը հավաստիացրել է, որ խաղի կանոնները նույնն են լինելու բոլորի համար, տարբերակված մոտեցումը բացառվում է: «Մենք ձգտում ենք, որ մեր իրացման ցանցերը լինեն լավագույնները: Քաղաքացին պետք է առանց նայելու վստահ լինի. իր գնած ապրանքը համապատասխանում է որակի սահմանված չափանիշներին: Միաժամանակ, մենք տնտեսավարողին վնասելու որևէ մտադրություն չունենք, այլ ակնկալում ենք համագործակցություն և պատասխանատու մոտեցում»,- ասել է ՍԱՊԾ ղեկավարը:

Ծառայության կողմից նա պատրաստակամություն է հայտնել այս կամ այն տեսակի սննդամթերքին ներկայացվող պահանջների մասին իրացման ցանցերի համապատասխան մասնագետներին անհրաժեշտ տեղեկատվություն և խորհրդատվություն ներկայացնել:

Վերահսկող մարմնի կողմից տնօրինվող տեղեկատվության քննարկման և վերլուծության նպատակով՝ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը հանդիպման ընթացքում մասնավորեցրել է իրացման ցանցում առկա մի շարք խնդիրներ:

Նա նախ խոսել է պիտանիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի անթույլատրելիության մասին:

Վերջին շրջանում հաճախակի են դարձել այսպես կոչված՝ ապագայի սննդամթերքի վաճառքի հետ կապված բողոքները: Ծառայության կողմից արձանագրվել են դեպքեր, երբ իրացվող սննդամթերքի վրա նշված է եղել ապագայի արտադրության օր, իսկ իրացման ցանցում տվյալ ապրանքատեսակը վաճառվել է:

Դանիելյանն իրացման ցանցերի ներկայացուցիչներին հորդորել է ուշադիր լինել սննդամթերքի մակնշմանը ներկայացվող պահանջների նկատմամբ՝ շեշտելով, որ թերի մակնշված կամ առանց մակնշման ապրանքատեսակները Ծառայության կողմից դիտարկվում են խիստ ռիսկային և՝ որ թերի մակնշմամբ սննդամթերքի իրացումն արգելվում է համաձայն սննդամթերքի անվտանգության ոլորտը կարգավորող իրավական ակտերի:

Տնտեսավարողների ուշադրությունն է հրավիրվել այն հանգամանքի վրա, որ սննդամթերք մշակող, վերամշակող կամ փաթեթավորող կազմակերպությունները պետք է ապահովված լինեն անհրաժեշտ տարածքներով և սառնարանային խցիկներով` հումքի և այլ բաղադրիչների առանձնացված պահման համար. դա սննդամթերքի անվտանգության պարտադիր պայման է: Ինչ վերաբերում է չափածրարված սննդամթերքի մակնշման կանոնների պահպանմանը, ապա պարոն Դանիելյանը հիշեցրել է, որ ներկայումս բոլոր տնտեսավարողների մոտ պրակտիկորեն առկա է միայն փաթեթավորման օրը, ինչը, սակայն բավարար չէ և ապրանքատեսակի անվանման, արտադրության օրվա, պիտանիության ժամկետի նշումը ևս պարտադիր է՞

Քննարկման շրջանակներում անդրադարձ է եղել նաև սննդամթերքի պահման պայմաններին ներկայացվող պահանջներին: Եվս մեկ անգամ հիշեցվել է, որ հումքը, բաղադրիչները, կիսապատրաստվածքն ու վերջնական արտադրանքը պետք է պահվեն ախտածին մանրէների բազմացումը կամ թունավոր նյութերի առաջացումը բացառող ջերմաստիճանում, քանի որ յուրաքանչյուր արտադրող երաշխավորում է իր արտադրանքի որակը՝ դրա համար նախատեսված պահման պայմանների ապահովման դեպքում միայն (կաթնամթերք, մսամթերրք՝ +2 +6). անհրաժեշտ է ապահովել սառնարանային շղթայի անընդհատությունը:

Հատուկ ուշադրություն է հրավիրվել մսի վաճառքի կազմակերպմանն առնչվող խնդիրների վրա. մսի և ձկան մշակման տախտակներն ու կոճղերը պետք է պատրաստված լինեն ամուր փայտատեսակներից և ունենան հարթ, առանց ճեղքերի մակերես: Միաժամանակ, հաշվի առնելով փայտե կոճղերի և մասնատման տախտակների կիրառմամբ պայմանավորված ռիսկերը, առաջարկվել է կիրառել դրանց պոլիմերային տարբերակները: Եվ, որ շատ կարևոր է, ևս մեկ անգամ հիշեցվել է. միսը պետք է ընդունվի միայն անասնաբույժի զննումը հավաստող փաստաթղթի (ձև 2) առկայության դեպքում. պայմանական պիտանի մսի ստացում-վաճառքն արգելվում է:

Ծառայության պետ Իշխան Կարապետյանը ևս մեկ անգամ կոչ է արել կառուցողական համագործակցության, հիշեցնելով նաև, որ հետևություններ չանելու, գործընկերային հարաբերությունները չարաշահելու, նշված խնդիրները չվերացնելու դեպքում Ծառայությունը կլինի խիստ և կկիրառի օրենսդրությամբ տրված բոլոր լծակներն՝ առանց վերապահումների:

Օգոստոսին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ է իրականացրել «Սաս Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետի արտադրամասում և իրացման ցանցում:

Ստուգումների շրջանակում իրականցված լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ հուլիսի 21-ի արտադրության «Կեսար» աղցանը՝ ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, E. coli, պրոտեուս դասի մանրէների, խմորասնկերի և բորբոսասնկերի, հուլիսի 1-ի արտադրության «Մայրաքաղաքային» աղցանը՝ ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, E. coli, պրոտեուս դասի մանրէների, խմորասնկերի, բորբոսասնկերի, հուլիսի 21-ի արտադրության «Սմբուկով» աղցանը՝ ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, բորբոսասնկերի, հուլիսի 22-ի արտադրության «Բրնձով-կրաբով» աղցանը՝ ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, E. coli, խմորասնկերի, հուլիսի 22-ի արտադրության «Հավով-ընկույզով» աղցանը՝ ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, E. coli, հուլիսի 22-ի արտադրության «Ծովախեցգետնով» աղցանը՝ ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, E. coli, պրոտեուս դասի մանրէների, խմորասնկերի, հուլիսի 22-ի արտադրության չանախ «Կալինինո» պանիրը՝ ոսկեգույն ստաֆիլակոկ և ԱՑԽՄ ցուցանիշների անթույլատրելի քանակի պարունակությամբ չեն համապատասխանել Մաքսային Միության ՏԿ 021/2011-ով, 033/2013-ով և 034/2013-ով սահմանված պահանջներին, ինչով պայմանավորված էլ այդ արտադրատեսակները ճանաչվել են վտանգավոր:

Ծառայության կողմից արգելվել է վտանգավոր ճանաչված խմբաքանակների վաճառքն իրացման ցանցում: Տնտեսավարողին հանձնարարվել է նշված սննդամթերքը ոչնչացնել կամ օգտահանել սահմանված կարգով և ժամկետներում:

Կարդացեք նաև՝ ՍԱՊԾ. Մարզերում սննդամթերքի որակի նկատմամբ հսկողությունը կուժեղացվի

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---