ԼՂՀ ՄԻՊ զեկույցները համապատասխան փաստերի ապացույցներով փոխանցվել են Human Rights Watch-ին

ԼՂՀ ՄԻՊ զեկույցները համապատասխան փաստերի ապացույցներով փոխանցվել են Human Rights Watch-ին

PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 23-ին Ժնևում մասնակցել է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի 59-րդ նստաշրջանին և փակ նիստի ընթացքում հանդես եկել Խոշտանգումների դեմ կոնվենցիայի պահանջների կատարման հարցով հատուկ զեկույցով:

Նիստի ընթացքոմ Կոմիտեի անդամները կարևորել են «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի կարգավորումները, որոնք վերաբերում են Պաշտպանի գործունեությանը՝ որպես խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմ: Ըստ այդմ, պետությանը խրախուսվել է քայլեր ձեռնարկել նախագծի շուտափույթ ընդունման կապակցությամբ: Կոմիտեի անդամները կարևորել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի արդյունքները:

Արման Թաթոյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Human Rights Watch միջազգային կազմակերպության Ժնևի տնօրեն Ջոն Ֆիշերի հետ:

Հաշվի առնելով Human Rights Watch-ի հատուկ ուշադրությունը պատերազմական իրավիճակներում խաղաղ բնակչության նկատմամբ ուժի և հատուկ զինատեսակների կիրառման դեպքերին՝ Արման Թաթոյանը պարոն Ֆիշերի ուշադրությունը հրավիրել է ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչության նկատմամբ Ադրբեջանի կիրառած բռնությունների, բնակավայրերի ռմբակոծության, գլխատումների, ինչպես նաև այդ կապակցությամբ ադրբեջանական մամուլում և պետական մակարդակով հայատյացության քարոզի վրա: Առանձնապես կարևորվել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի դերը փաստահավաք աշխատանքների իրականացման հարցում և նրա զեկույցների նշանակությունը: Ջ. Ֆիշերին են փոխանցվել այդ աշխատանքների արդյունքները՝ համապատասխան փաստերի ապացույցներով:

Պաշտպան Արման Թաթոյանը հանդիպում է ունեցել նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Հայնս Կոլլերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները:

Այս հարցը հատկապես կարևորվել է՝ հաշվի առնելով այն, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանը լիազորված է հետևել նաև մասնավոր կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստել խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը: Կողմերը, մասնավորապես, պայմանավորվել են առաջիկայում հանդես գալ ծրագրային առաջարկով և իրականացնել կոնկրետ քայլեր այդ ուղղությամբ: Պարոն Կոլլերն իր պատրաստակամությունն է հայտնել այդպիսի ծրագրերի իրականացման նպատակով հատուկ առաքելությամբ ժամանել Հայաստան:

Նոյեմբերի 22-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 21-ին Ժնևում հանդիպել էր նաև Խոշտանգումների դեմ միջազգային կազմակերպության (OMCT) ղեկավար Ժերալդ Սթաբերոքին:Պաշտպանը Խոշտանգումների դեմ միջազգային կազմակերպության ղեկավարի ուշադրությունը հրավիրել է ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում կատարված վայրագությունների վրա:

Ամռանը Թաթոյանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակին էր ներկայացրել ապրիլի սկզբին Ադրբեջանի նախաձեռնած ռազմական ագրեսիայի ընթացքում Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչության նկատմամբ կատարված մարդու իրավունքների հիմնարար խախտումները, Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում տեղ գտած դաժանությունների կոնկրետ օրինակները: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ ազգությամբ հայերի նկատմամբ ատելություն և բռնություն սերմանող ադրբեջանական ագրեսիվ քաղաքականությունը կործանարար է միջազգային քաղաքակակիրթ ամբողջ իրավապաշտպան համակարգի համար:

Ընթերցեք նաև. ՀՀ ՄԻՊ-ը OMCT ղեկավարի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից ԼՂ-ում կատարված վայրագությունների հարցը

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---