Արդյունահանող ճյուղերի թափանցիկության ստանդարտ է ներդրվելու ՀՀ-ում

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության ստանդարտ է ներդրվելու ՀՀ-ում

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունում նոյեմբերի 25-ին տեղի է ունեցել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ, EITI) բազմաշահառու խմբի (ԲՇԽ) առաջին նիստը, որի ժամանակ տրվել է Հայաստանում ԱՃԹՆ-ի ստանդարտը ներդնելու աշխատանքների պաշտոնական մեկնարկը:

Բազմաշահառու խմբի նախագահ, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանըմասնավորապես, նշել է. «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ է, որին ներկայում անդամակցում է 51 երկիր՝ թեկնածու և համապատասխանող կարգավիճակներով:

Այն հանդիսանում է հրաշալի գործիք, անկախ երկրում քաղաքական փոփոխություններից, համագործակցային ձևաչափով բացահայտելու հանքարդունաբերության ոլորտում խնդիրները, ապահովելու ոլորտի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, որն իր հերթին կբարելավի հանքարդյունաբերության ոլորտի ներդրումային գրավչությունը, կբարձրացնի հանրային վստահությունը»:

Նախաձեռնությանը միանալու գաղափարը ծնվել է Բաց կառավարման գործընկերության ծրագրի շրջանակում: ՀՀ վարչապետը հայտարարել է Հայաստանի Հանրապետության EITI-ի ստանդարտի ներդրման պատրաստակամության մասին 2015 թ. հուլիսի 28-ին կայացած Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստի ժամանակ, որից հետո ՀՀ կառավարության աշխատակազմը Համաշխարհային բանկի հետ համատեղ կազմակերպեց մի շարք հանրային իրազեկման հանդիպումներ Հայաստանի մարզերում և Երևանում` հասարակությանը և հանքարդյունահանող կազմակերպություններին EITI-ի ստանդարտին ծանոթացնելու և բազմաշահառու խմբի ձևավորման աշխատանքներն սկսելու համար:

2016 թ. հունիսի կեսին ՀՀ կառավարությունը, հանքարդյունահանող կազմակերպությունները և քաղաքացիական հասարակությունն արդեն իսկ ներկայացրեցին Հայաստանի EITI-ի բազմաշահառու խմբի անդամների թեկնածությունը: (Խմբի կազմը հաստատվել է ՀՀ վարչապետի՝ 2016 թ. նոյեմբերի 24-ի 1104 – Ա որոշմամբ):

2017 թ. EITI-ի թեկնածության հայտի ներկայացումն ամրագրվել է նաև ՀՀ կառավարության ծրագրում: ՀՀ-ում սկզբնական շրջանում EITI-ը ներառելու է մետաղական հանքարդյունաբերությունը, հետագայում կարող է որոշում կայացվել ընդլայնելու EITI-ի ընդգրկման շրջանակները:

Հարությունյանի խոսքով, աշխատանքային ծրագիրը կազմելուց հետո ավելի հստակ կուրվագծվեն նաև միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցության ուղղությունները:

Նիստում ելույթ են ունեցել նաև հանքարդյունաբերության կազմակերպությունները և քաղաքացիական հասարակությունը ներկայացնող անդամները, ինչպես նաև նիստին հրավիրված միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները:

Շեշտադրվել է նախաձեռնության ներդրման կարևորությունը երկրի ներդրումային, գործարար միջավայրի բարելավման, հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման, տնտեսական գործունեության որոշակի ռիսկերի նվազման, կառավարության, գործարար հատվածի և հասարակության միջև երկխոսության խթանման հարցերում: Ներկայում խումբն իրականացնում է ԱԹՃՆ-ի ստանդարտով սահմանված պարտադիր աշխատանքները՝ ԱՃԹՆ թեկնածության հայտը ներկայացնելու և 2017 թ. ԱՃԹՆ թեկնածու երկիր դառնալու համար:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---