Նախագահ. 5 տարում պետք է եռապատկենք զբոսաշրջիկների թիվը

Նախագահ. 5 տարում պետք է եռապատկենք զբոսաշրջիկների թիվը

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 12-ին աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի մարզ: Ջերմուկ քաղաքում նախագահը խորհրդակցություն է հրավիրել` քննարկելու Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ուղղություններից մեկը հռչակված` զբոսաշրջության ոլորտի զարգացման հարցերը:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ներկայացվել են ոլորտի զարգացման ներուժը, իրականացվելիք ծրագրերը, զբոսաշրջության զարգացման խոչընդոտներն ու խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման ուղիները:

Խորհրդակցության սկզբում նախագահն ընդգծել է, որ չնայած զբոսաշրջության բնագավառում արձանագրված որոշակի դրական արդյունքներին, այստեղ դեռևս ամբողջությամբ չբացահայտված մեծ ներուժ կա: Նշելով, որ մոտ երկու ամիս առաջ նոր կառավարության ձևավորման հետ միաժամանակ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կազմում ստեղծվեց Զբոսաշրջության պետական կոմիտե, որը մշակելու է այս ոլորտին նոր շունչ հաղորդելու քաղաքականությունը, և կառավարության ծրագրով ոլորտի համար հավակնոտ նպատակադրում արվեց` առաջիկա հինգ տարվա ընթացքում եռապատկել զբոսաշրջիկների թիվը, սակայն, նախագահի համոզմամբ, ակնհայտ է, որ զբոսաշրջությունը չի կարող ակտիվորեն զարգանալ միայն ոլորտի պատասխանատուների ջանքերի շնորհիվ:

«Սա տնտեսության զարգացման մի ամբողջ փոխկապակցված շղթա է, և այս շղթայի բոլոր օղակները պետք է լինեն ամուր, գործեն ակտիվորեն, որպեսզի կարողանանք ստանալ վերջնական արդյունք: Պատասխանատվությունն էլ պետք է լինի բոլորինը: Պետք է գիտակցենք, որ ոլորտը կարող է զարգանալ միայն ու միայն բոլորիս համատեղ ջանքերի շնորհիվ: Անշուշտ, ներուժը շատ մեծ է, և կարճ ժամանակում մեծ արդյունքներ ակնկալելն իրատեսական չէ: Բայց ամեն օր մենք պետք է տեսնենք զարգացման տեմպը, ամեն օր պետք է, միգուցե, փոքրիկ, բայց հաջողություն արձանագրենք՝ նպատակ ունենալով կատարել այն, ինչը ստորագրել ենք՝ գոնե հինգ տարում եռապատկել ծավալները: Սա մեզ համար պետք է լինի լուծման առումով իրատեսական խնդիր:

Պատահական չէ, որ այս խորհրդակցությունը մենք անց ենք կացնում Վայոց ձորի մարզում, որտեղ զբոսաշրջության զարգացման համար պատմականորեն ձևավորված շատ լավ նախադրյալներ կան»,-ասել է Նախագահ Սարգսյանը, հավելելով, որ այս մարզով է անցնում զբոսաշրջային տեսակետից Հայաստանի կարևորագույն հարավային երթուղին, որը տանում է դեպի այնպիսի հոգևոր-մշակութային կենտրոններ և ուղղություններ, ինչպիսիք են Նորավանքի համալիրը, Արենիի քարանձավները, առողջարանային Ջերմուկը, Տաթևի հռչակավոր կենտրոնը, Զորաց քարերը և, իհարկե՝ Արցախը: Հարավային այս ուղղությունը, Սերժ Սարգսյանի կարծիքով, շատ մեծ հնարավորություն ունի դառնալու ավելի մեծ ծրագրերի` Իրան-Հայաստան-Վրաստան տարածաշրջանային զբոսաշրջային փաթեթի բաղկացուցիչ մաս:

«Կարծում եմ՝ այս ոլորտը զարգացնելու մեծ, աշխատատար գործընթացում իրենց ուրույն տեղն ունեն տեղական ինքնակառավարման մարմինները և, հատկապես, այն համայնքների ղեկավարները, որոնք այս շղթայի բաղկացուցիչ օղակներն են: Մենք պետք է զարգացնենք Ջերմուկը և մնացած զբոսաշրջային կենտրոնները, որպեսզի այնուհետև դրանք կապելով իրար, ստանանք մի կուռ ամբողջականություն: Այստեղ մենք շատ բան ունենք անելու, և յուրաքանչյուր համայնքի ղեկավար պետք է իր ընդունած որոշումներում մշտապես հաշվի առնի` որքանով է այդ որոշումը նպաստում զբոսաշրջության զարգացմանը: Եվ ոչ միայն համայնքների ղեկավարները. այստեղ նստած յուրաքանչյուրը պետք է մտածի` արդյոք իր գործունեությունն արդյունավետ է այդ առումով»,- դիմելով խորհրդակցության մասնակիցներին` ասել է նախագահը:

Սերժ Սարգսյանը զբոսաշրջության ոլորտի զարգացման հնարավորությունների, ստեղծված նախադրյալների մասին խոսելիս բերել է որոշակի օրինակներ: Նախագահը վկայակոչել է Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան, որը կայացավ «Այց առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսի ներքո: Ավելին` Սրբազան Քահանայապետը հրապարակավ խոսեց այն մասին, որ «ուխտագնացություն» է կատարում Հայաստան: Սրանք, նախագահի համոզմամբ, դրական ազդակներ էին, որոնց վրա ոլորտի պատասխանատուները պետք է կառուցեն Հայաստանի մրցակցային առավելությունը զբոսաշրջության ոլորտում:

Սերժ Սարգսյանը, որպես այլ օրինակ, ներկայացրել է Արենիում հնագետների կողմից աշխարհի հնագույն ոտնամանը և գինու արտադրության համալիրը հայտնաբերելուց հետո միջազգային ազդեցիկ լրատվամիջոցներով Հայաստանին լայնորեն անդրադառնալու փաստը:

«Կարծում եմ նաև, որ մենք նվազ ուշադրություն ենք դարձնում ներհանրապետական տուրիզմի զարգացմանը: Սա ոչ միայն տնտեսական զարգացման, այլ նաև ուրիշ խնդիրներ է լուծում: Ավելի լավ հայրենասիրական քարոզ, ավելի լավ ռազմահայրենասիրական դաստիարակության միջոց, քան ճանաչելը սեփական երկիրը` չկա: Յուրաքանչյուր երիտասարդ, լինելով մեր երկրի նվիրական, սրբազան վայրերում, առանց որևէ խոսքի հասկանում է, որ պարտականություն ունի պաշտպանելու այդ սրբությունը: Թեև Տաթևի ենթակառուցվածքների զարգացմամբ կարծես ամեն տարի մեծ աճ ենք արձանագրում ներգնա զբոսաշրջության մեջ, բայց այստեղ էլ անելիքներ շատ ունենք, առավել ևս, որ և՛ երևանցիները, և՛ մարզերում ապրող մեր քաղաքացիները մեծ ցանկություն ունեն այցելելու այդ վայրերը, ուրեմն պետք է հնարավորություններ ստեղծենք»,-ասել է Սարգսյանը:

Նա մի շարք հանձնարարականներ է տվել, այդ թվում` ՀՀ վարչապետին հանձնարարել է` զբոսաշրջության ոլորտի և տարածքային զարգացման հետ առնչություն ունեցող պետական մարմինների աշխատանքների մեկտեղման ու զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացման նպատակով ձևավորել ՀՀ փոխվարչապետի համակարգմամբ գործող զբոսաշրջության խորհուրդ՝ շահագրգիռ մարմինների հետ համատեղ ներգրավելով ոլորտի մասնավոր հատվածի, միջազգային կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների և Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների (համաձայնությամբ): Նախագահը հանձնարարել է նաև ձևավորվելիք զբոսաշրջային խորհրդի համար սահմանել երկամսյա պարբերականությամբ ընթացիկ աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության ամփոփման և ՀՀ նախագահի ու կառավարության աշխատակազմեր հաշվետվությունների ներկայացման կարգ:

ՀՀ փոխվարչապետը հանձնարարություն է ստացել` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի, ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրենի հետ համատեղ քննարկել մարզային քաղաքների և առանձին գյուղական համայնքների ենթակառուցվածքների զարգացման առաջիկա խոշորածավալ ծրագրերը՝ սահմանվող առաջնահերթությունները դիտարկելով զբոսաշրջային հիմնական երթուղիների կազմման և կայուն զբոսաշրջային արդյունքի ապահովման տեսանկյունից: Միաժամանակ, մշակել այդ ծրագրերում մասնավոր-պետական համագործակցության ձևաչափի ընդլայնման համար անհրաժեշտ գործիքակազմի ներդրման մեխանիզմները՝ համապատասխան առաջարկությունները ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հանձնարարվել է`

ա) շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում ամփոփել «Զբոսաշրջության մասին» ՀՀ նոր օրենքի և դրան առնչվող իրավական ակտերի փաթեթի մշակման աշխատանքները՝ համապատասխան նախագծերը ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը 2017թ. առաջին եռամսյակի ընթացքում,

բ) սեղմ ժամկետներում իրականացնել հանրապետության ամբողջ տարածքի զբոսաշրջային գոտևորման աշխատանքներ՝ պատմամշակութային հուշարձանների, բնության հատուկ պահպանվող տարածքների և զբոսաշրջային ներուժ ունեցող այլ վայրերի ամբողջական հաշվառման արդյունքներով,

գ) հստակ միջոցառումներ մշակել զբոսաշրջության ոլորտի վարչական ռեգիստրի ձևավորման, ինչպես նաև զբոսաշրջային այցելությունների վիճակագրության վարման մեթոդների և վերլուծական կարողությունների կատարելագործման ուղղությամբ՝ համապատասխան ֆինանսական գնահատականները ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը,

դ) ՀՀ մշակույթի նախարարի հետ համատեղ քննարկել զբոսաշրջային հիմնական երթուղիներում ներառվելիք պատմամշակութային հուշարձանների վերականգնման և հնագիտական աշխատանքների իրականացման ժամանակացույցերը՝ աշխատանքների անխափան ընթացքին զուգահեռ ապահովելով առավելագույն զբոսաշրջային արդյունք,

ե) Երևանի քաղաքապետի և տարածքային կառավարման և զարգացման նախարարի հետ համատեղ քննարկել հանրապետության տարածքում միասնական ցանցային համակարգում միավորված ժամանակակից զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների հիմնման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորման խնդիրները՝ համապատասխան ֆինանսական գնահատականները ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը:

Բացի այդ, նախագահը մասնակցել է «Ջերմուկ գրուպ» ընկերության նորակառույց գործարանի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահը շրջել է գործարանում, ծանոթացել իրականացված ներդրումներին, գործարանի արտադրական հզորություններին և «Ջերմուկ գրուպ»-ի զարգացման ծրագրերին: Գործարանի կառուցման նպատակով կատարվել է մոտ 5 մլրդ դրամի ներդրում, որից միայն 3,4 մլրդ դրամն ուղղվել է ժամանակակից սարքավորումների ձեռքբերմանը: «Ջերմուկ գրուպ» ընկերությունը ներկայումս ունի 370 աշխատակից: Պատասխանատուների հավաստմամբ, նոր գործարանի շահագործմամբ աշխատատեղերի քանակը կավելանա մոտ 15%-ով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---