ՀԿ. Իրացվող կաթնամթերքի որոշ տեսակներ կարող են վնասել առողջությանը

ՀԿ. Իրացվող կաթնամթերքի որոշ տեսակներ կարող են վնասել առողջությանը

PanARMENIAN.Net - ՀՀ-ում իրացվող կաթնամթերքի որոշ արտադրատեսակներ չեն երաշխավորում սպառողների առողջությունը: Այս մասին հայտարարում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը:

Նշվում է, որ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքների հրապարակումից հետո հասարակական հատվածում ակտիվ քննարկվում էր այն հանգամանքը, որ օրինախախտ տնտեսվարողների ցանկում հիմնականում նշված էին փոքր ընկերությունների անուններ: Շարունակում էր մտահոգիչ մնալ այն հարցը, թե ինչ իրավիճակ է սպառման հիմնական ծավալներն ապահովող ընկերություններում:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության կողմից իրականացվել է ուսումնասիրություն կաթնամթերքի շուկայում: Իրացման ցանցից նմուշառվել և փորձաքննության են հանձնվել կաթնամթերքի սպառման հիմնական շուկան ապահովող արտադրողների` «Աշտարակ կաթ» ՓԲԸ, «Արզնի կաթ» ՍՊԸ, «Բիոկաթ» ՍՊԸ, «Բոնիլատ» ՍՊԸ, «Դուստր Մարիաննա» ՍՊԸ, «Թամարա և Անի» ՍՊԸ, «Մարիլա» ՍՊԸ և «Չանախ» ՍՊԸ –ների որոշ արտադրատեսակներ:

Ստորև ներկայացվում են հայտնաբերված խախտումները` ըստ արտադրողի, արտադրատեսակի (համաձայն մակնշված արտադրության օրվա) և անհամապատասխության ցուցանիշների:

«Աշտարակ կաթ» ՓԲԸ. Կաթնաշոռ դասական «Աշտարակ կաթ» 180գ. արտադրված դեկտեմբերի 9-ին, չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով, թթվասեր դասական «Աշտարակ կաթ» 18% յուղ., 400գ. արտադրված դեկտեմբերի 9-ին՝ չի համապատասխանում խմորասնկերի ցուցանիշով

«Արզնի կաթ» ՍՊԸ. Կաթ պաստերացված «Արզնի կաթ» – 3,2% յուղ., 1լ. արտադրված դեկտեմբերի 9-ին՝ չի համապատասխանում ԱՑԽՄ և ՄԱՖԱՄ ցուցանիշներով, Կաթնաշոռ «Արզնի կաթ» 9% յուղ., 180գ. արտադրված դեկտեմբերի 9-ին՝ չի համապատասխանում ԱՑԽՄ, խմորասնկերի և բորբոսասնկերի ցուցանիշներով: Սերով թթվասեր «Արզնի կաթ» 20% յուղ., 400գ. արտադրված դեկտեմբերի 8-ին՝ չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով:

«Բիոկաթ» ՍՊԸ. Կաթ պաստերացված ֆիրմային «Բիոկաթ» – 3,5% յուղ, 1լ. արտադրված դետկեմբերի 9-ին՝ չի համապատասխանում ԱՑԽՄ և ՄԱՖԱՄ ցուցանիշներով, կաթնաշոռ «Բիոկաթ» 15% յուղ., 150գ. արտադրված դեկտեմբերի 10-ին՝ չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով, Թթվասեր «Բիոկաթ» -20% յուղ., 400գ. արտադրված դեկտեմբերի 10-ին՝ չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով:

«Բոնիլատ» ՍՊԸ. Կաթ պաստերացված Bonilat - 3,6% յուղ., 1լ. արտադրված դեկտեմբերի 10-ին՝ չի համապատասխանում ՄԱՖԱՄ ցուցանիշով, Կաթնաշոռ «Բոնիլատ» 12% յուղ., 150գ. արտադրված դեկտեմբերի 10-ին՝ չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով, թթվասեր «Բոնիլատ» 20% յուղ., 400գ. արտադրված դեկտեմբերի 10-ին՝ չի համապատասպանում ԱՑԽՄ ցուցանիշով:

«Դուստր Մարիաննա» ՍՊԸ. Կաթնաշոռ «Մարիաննա» 9% յուղ., 180գ. արտադրված դեկտեմբերի 10-ին՝ չի համապատասխանում կաթնաթթվային մանրէների և խմորասնկերի ցուցանիշներով:

«Թամարա և Անի» ՍՊԸ. Կաթնաշոռ Ani Product 9% յուղ., 200գ. արտադրված դեկտեմբերի 9-ին, չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով:

«Մարիլա» ՍՊԸ կաթ. Կաթնաշոռ «Մարիլա» 9% յուղ., 200գ. արտադրված դեկտեմբերի 10-ին՝ չի համապատասխանում կաթնաթթվային մանրէների և խմորասնկերի ցուցանիշներով:

«Չանախ» ՍՊԸ. Կաթ պաստերացված «Չանախ» – 3,2% յուղ., 1լ. արտադրված դեկտեմբերի 10-ին՝ չի համապատասխանում ՄԱՖԱՄ և ԱՑԽՄ ցուցանիշներով, հատիկային կաթնաշոռ «Չանախ» 4% յուղ, 180գ. արտադրված դեկտեմբերի 10-ին՝չի համապատասխանում ԱՑԽՄ, խմորասնկերի և բորբոսասնկերի ցուցանիշներով, թթվասեր «Չանախ» 20% յուղ., 400գ. արտադրված դեկտեմբերի 10-ին՝ չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով:

Հաշվի առնելով, որ նմուշառումն իրականացվել է սառնարաններից, որոնք ապահովել են պահպանման պայմանները, ինչպես նաև այն հանգամանքը, որ նմուշների տեղափոխումն իրականացվել է պատշաճ սառնարանային պայմաններում` կարելի է եզրակացնել, որ խնդիրներն առաջացել են արտադրության կամ իրացման ցանց տեղափոխման փուլերում:

ՀԿ-ն կոչ է անում`

• Սպառողներին` խուսափել վերոնշյալ արտադրանքի օգտագործումից (թթվասերները դեռևս գտնվում են պիտանելիության ժամկետի մեջ)

• Իրացնողներին` իրացման ցանցից դուրս բերել նշյալ խմբաքանակները

• Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը` հետևողական լինել գործընթացին:

Հայտնաբերված խախտումները փաստում են, որ նշված կաթնամթերքի սպառումը չի երաշխավորում սպառողների առողջության պաշտպանությունը և պարունակում է առողջական ռիսկեր:

Մթերքները փորձաքննության են ենթարկվել անվտանգության ընտրանքային ցուցանիշների նկատմամբ, հայտնաբերվել են նաև մակնշման խախտումներ: Փորձաքննության արդյունքների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը կտրամադրվի սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը նաև գրավոր` համապատասխան քայլերի և գործողությունների առաջարկություններով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---