ԼՂՀ ՊՆ-ն հերքում է Ակնայի ուղղությամբ ձեռնարկված արկակոծության մասին Բաքվի տարածած լուրերը

ԼՂՀ ՊՆ-ն հերքում է Ակնայի ուղղությամբ ձեռնարկված արկակոծության մասին Բաքվի տարածած լուրերը

PanARMENIAN.Net - Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից դեկտեմբերի 29-ին շրջանառության մեջ դրված տեղեկությունն այն մասին, թե իբր հայկական ուժերի կողմից Ակնայի (Աղդամ) ուղղությամբ ձեռնարկված արկակոծության արդյունքում հրդեհվել է համանուն շրջանի Ահմեդաղալը գյուղի տներից մեկը, ոչ այլ ինչ է, քան սեփական ու միջազգային հանրությանն ապակողմնորոշելու պարզունակ քարոզչական հնարք: Այս մասին ասվում է ԼՂՀ ՊՆ հայտարարության մեջ:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ չնայած հակառակորդի կողմից պարբերաբար առաջնագծում ձեռնարկվող սադրիչ քայլերին, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ինչպես դեկտեմբերի 28-ին, այնպես էլ դեկտեմբերի 29-ի ընթացքում որևէ զինատեսակից պատասխան գործողության չեն դիմել:

Արցախի զինված ուժերը շարունակում է հետևել հրադադարի պահպանման ռեժիմին և վստահորեն իրականացնել իր առջև դրված մարտական խնդիրը:

Այս պահի դրությամբ իրավիճակն առաջնագծում հանգիստ է:

Դեկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր ուղղություններով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 40 անգամ, որի ընթացքում հրաձգային զենքերից արձակել է ավելի քան 750 կրակոց: ԼՂՀ ՊՆ-ից հաղորդում են, որ առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---