Բելառուսի դեսպանատան մոտ բողոքի ցույց կկայանա ի պաշտպանություն Լապշինի

Բելառուսի դեսպանատան մոտ բողոքի ցույց կկայանա ի պաշտպանություն Լապշինի

PanARMENIAN.Net - Հունվարի 16-ին ժամը 12:00-ին ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները կազմակերպում են բողոքի ակցիա ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան դիմաց: Ցույցը կազմակերպվում է ի պաշտպանություն 2016 թ. դեկտեմբերի 15-ին Մինսկում Ադրբեջանի պահանջով ձերբակալված Իսրայել Պետության և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Ալեքսանդր Լապշինի:

Հայտնի ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը (Puerrtto) դեկտեմբերի կեսին ձերբակալվել է Մինսկում Ադրբեջանի հարցումով` Լեռնային Ղարաբաղ այցելելու համար:Լապշինը բազմիցս է այցելել ԼՀՂ և դեռ 2011-ին էր ընդգրկվել Բաքվի սև ցուցակում:

Լապշինի գործին միջամտել է Իսրայելը: Վերջինս դիվանագիտական ճանապարհներով պահանջում է Բաքվից կասեցնել բլոգերի քրեական հետապնդումը: Մինսկում Իսրայելի դեսպանատունը պաշտոնապես դիմել է Բելառուսի ԱԳՆ` Լապշինին հանդիպելու թույլտվության համար: Իսրայելը նաև դիմել էր Բելառուսի իշխանություններին` խնդրելով «անդառնալի քայլերի չդիմել» այդ հարցում և չարտահանձնել բլոգերին Բաքվին:

Ցուցարարները կոչ կանեն Բելառուսի իշխանություններին` անաչառ և համակողմանիորեն մոտենալ այս հարցին և տուրք չտալ Ադրբեջանի մտացածին պահանջին:

Բողոքի ակցիային միանալու են երկրի քաղաքական կուսակցությունների երիտասարդական թևերի ներկայացուցիչներ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների անդամներ: Երիտասարդները նաև նամակ կփոխանցեն ՀՀ-ում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկին, ասվում է Հայաստանի երիտասարդական միության և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության հաղորդագրության մեջ:

Հունվարի 12-ին, Ղարաբաղ այցելության համար ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի Մինսկում ձերբակալությունից մեկ ամիս անց, հաջողվել է կազմակերպել Բելառուսում Իսրայելի հյուպատոս Յուլիա Ռաչինսկայայի այցը մեկուսարան: Այցը հաջողվել է կազմակերպել Քնեսեթի պատգամավոր Քսենիա Սվետլովայի ջանքերով: Իսրայելի պաշտոնյաները մտահոգված են, որ Ադրբեջանը մոտ է հաջողության հայտնի ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բելառուսից արտահանձնելու գործում: Դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի դատախազությունը հայտարարել էր, որ արդեն Բելառուսի իրավապահ մարմիններին է փոխանցել Լապշինի արտահանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը, որն ունի ՌԴ և Իսրայելի քաղաքացիություն:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---