Մեդվեդևը՝ Կարապետյանին. ՀՀ-ից ՌԴ արտահանման աճը Եվրասիական միությանը միանալու արդյունք է

Մեդվեդևը՝ Կարապետյանին. ՀՀ-ից ՌԴ արտահանման աճը Եվրասիական միությանը միանալու  արդյունք է

PanARMENIAN.Net - Հայաստանից ՌԴ արտահանման և արտադրանքի մատակարարման մասով 2016-ին գրանցվել է 70 տոկոս աճ. դա Հայաստանի՝ Եվրասիական միությանը միանալու և տնտեսական կապերի ամրապնդման արդյունք է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանին ընդունելու ժամանակ:

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Այցի շրջանակում ՀՀ վարչապետին Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի «Գորկի» կեցավայրում ընդունել է Մեդվեդևը:

ՌԴ և ՀՀ վարչապետերի միջև տեղի է ունեցել առանձնազրույց, որին հաջորդել է Դմիտրի Մեդվեդևի և Կարեն Կարապետյանի հանդիպումն ընդլայնված կազմով՝ երկու երկրի պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ՝ աշխատանքային նախաճաշի ձևաչափով:

ՌԴ կառավարության նախագահն իր խոսքում նշել է. «Մենք Հայաստանի հետ ունենք առանձնահատուկ, դաշնակցային հարաբերություններ, և մշտապես կան քննարկելու հարցեր: Կարևոր է, որ Ձեր այցի կապակցությամբ պատրաստվել են մի շարք փաստաթղթեր, որոնք ուղղված են մեր համագործակցության զարգացմանը: Ցանկանում եմ ընդգծել, որ չնայած միջազգային կոնյուկտուրային, չնայած էներգակիրների գների փոփոխությանը՝ մեր առևտրաշրջանառությունը կայուն է, իսկ եթե խոսենք Հայաստանից մեր երկիր արտահանման և արտադրանքի մատակարարման մասին, ապա նախորդ տարի գրանցեցինք 70 տոկոս աճ: Դա, իմ տեսանկյունից, Հայաստանի՝ Եվրասիական միությանը միանալու և մեր տնտեսական կապերի ամրապնդման արդյունք է:

Բայց կան նաև մի շարք այլ հարցեր՝ և՛ ներդրումային, և՛ հումանիտար: Եկեք այդ ամենի մասին խոսենք»:

ՀՀ վարչապետն իր խոսքում ասել է. «Ավանդաբար մեր՝ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը բավական հագեցած է: Ինչպես Դուք արդեն նշեցիք, վերջին տարիներին համաշխարհային բարդ կոնյուկտուրայի պայմաններում մեր կառավարություններին հաջողվել է առաջ շարժվել: Գիտեք, որ ռուսաստանյան կապիտալը լայնորեն ներկայացված է Հայաստանի տնտեսությունում: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ պետք չէ հանգստանալ, և այսօր կարող ենք քննարկել ակտիվացնելու և նոր ազդակ հաղորդելու ուղղությունները: Այսօր Հայաստանում մի շարք բարեփոխումներ են իրականացվում ներդրողների համար բարենպաստ միջավայր ձևավորելու նպատակով, և մենք մեծապես կողջունենք ռուսաստանյան կապիտալի ներգրավումը:

Այս համատեքստում մենք այսօր եկել ենք մի շարք նոր առաջարկություններով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցության ոլորտները: Ես նույնպես վստահ եմ, որ կառուցողական զրույց է լինելու»:

Աշխատանքային նախաճաշի շրջանակում երկու երկրի պաշտոնական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվելու են Հայաստանի և Ռուսաստանի համար կարևորություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, ստորագրվելու են մի շարք փաստաթղթեր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---