Արցախում 2016-ին չնայած բոլոր բարդություններին 9% տնտեսական աճ է գրանցվել

Արցախում 2016-ին չնայած բոլոր բարդություններին 9% տնտեսական աճ է գրանցվել

PanARMENIAN.Net - Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ հունվարի 25-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության 2017 թվականի անդրանիկ նիստը: Իր ելույթում նախագահ Սահակյանն անդրադարձել է 2016 թվականի սոցիալ-տնտեսական ցուցանիշներին, կատարված աշխատանքներին, ձեռքբերումներին եւ խնդիրներին:

Նախագահի ընդգծել է, որ անցած տարին եղել է բավականին բարդ ու ծանր հանրապետության, ժողովրդի և տնտեսության համար, երկրի տնտեսական բնականոն զարգացմանը մեծ հարված է հասցրել ապրիլյան քառօրյա պատերազմը, որն իր ազդեցությունն է թողել տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի վրա:

Նախագահ Սահակյանը նշել է, որ չնայած բոլոր բարդություններին, 2016-ին հաջողվել է պահպանել տնտեսության զարգացման նախատեսված տեմպերը, դրական դինամիկան տնտեսության հիմնական ճյուղերում, գրանցել ՀՆԱ-ի 9 տոկոսի չափով տնտեսական աճ:

Այսպիսով, ԼՂՀ-ն տնտեսական աճի տեմպերով առաջ է անցել Հայաստանից, որի ՀՆԱ աճն ըստ 2016-ի նախնական տվյալների կազմել է 0.5 տոկոս, և Ադրբեջանից, որի ՀՆԱ-ն-ն ոչ միայն չի աճել, այլ նույնիսկ նվազել է 3.8%-ով 2015-ի ցուցանիշի համեմատ:

Միաժամանակ, նախագահը կառավարությանը հանձնարարել է խոր վերլուծության ենթարկել տարվա արդյունքները՝ հատուկ ուշադրություն դարձնելով այն հարցերի և բացթողումների վրա, որոնք տեղ են գտել աշխատանքում, եւ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ դրանք վերացնելու ուղղությամբ:

Խոսելով 2017 թվականի անելիքների մասին՝ երկրի ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է բարձր մակարդակի վրա պահել տարվող աշխատանքների որակը, համակարգվածության աստիճանը, պարտականությունների կատարումը, արդյունավետորեն օգտագործել պետական միջոցները: «Այն ամենը, ինչ նախանշվել է և ընդունվել համապատասխան օրենքներով ու կառավարության որոշումներով, անհրաժեշտ է իրականացնել անվերապահորեն և հետևողական կերպով»,- նշել է ԼՂՀ նախագահը՝ կոնկրետ հանձնարարականներ տալով նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ, հայտնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---