ԼՂՀ նախագահ. Հայկական բանակն անցել է փառապանծ ուղի

ԼՂՀ նախագահ. Հայկական բանակն անցել է փառապանծ ուղի

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին՝ Բանակի օրվա կապակցությամբ:

«Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ բոլորիս համար թանկ ու հիշարժան տարեդարձի՝ Հայոց հերոսական բանակի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ:

Հայկական բանակն անցել է փառապանծ ուղի և դարձել համայն հայության հպարտությունն ու պարծանքը, մեր ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը, տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման կարևոր գործոններից մեկը: Հայ զինվորն իր անսասան ոգու և անհաղթ բազկի ուժով փայլուն իրականացնում է հայրենիքի պաշտպանի իր առաքելությունը»,- Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ՝ ասված է ուղերձում:

Դիմելով ՀՀ նախագահին, Սահակյանը գրել է. «Կանգնած լինելով բանակի ստեղծման ակունքներում՝ Դուք արել եք հնարավորը նրա կայացման ու զորացման համար: Արցախում գիտենք և բարձր ենք գնահատում Ձեր ավանդն ու հայրենանվեր ջանքերը:

Այս նվիրական տոնի կապակցությամբ մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմին, մեր ողջ ժողովրդին և մաղթում խաղաղություն, մեծագույն հաջողություններ ու նոր հաղթանակներ՝ համազգային խնդիրների լուծման և հայոց պետականության ամրապնդման ճանապարհին»:

Հունվարի 28-ին Հայաստանում նշվում է Բանակի օրը. 25 տարի առաջ հենց այս օրը ստեղծվեց Հայկական բանակը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---