Արարատի մարզի ձկնաբուծարաններում ջրօգտագործման ստուգումներ կանցկացվեն

Արարատի մարզի ձկնաբուծարաններում ջրօգտագործման ստուգումներ կանցկացվեն

PanARMENIAN.Net - ՀՀ բնապահպանության նախարարությունում փետրվարի 1-ին կայացել է ՀՀ վարչապետի որոշմամբ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և ստորերկրյա ջրերի օգտագործումը նորմավորելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

ՀՀ բնապահպանության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ քննարկման հիմքում Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցառումների ծրագիրն էր: Ներկայացված նախագծով սահմանվում է մոտ երեք տասնյակ միջոցառում, որոնք ակնկալվող արդյունքի տեսանկյունից առավել արդյունավետ կդարձնեն ջրային ռեսուրսների կառավարման համակարգը: Աշխատանքային խմբի առաջին հանդիպումից հետո գերատեսչությունները սահմանված ժամկետում ներկայացրել էին համապատասխան առաջարկություններ, որոնք ներառվել էին ծրագրում:

Նշվել է օրենսդրական դաշտի կատարելագործման անհրաժեշտությունը՝ համապատասխան օրենքներում փոփոխությունների կատարումն ու ենթաօրենսդրական ակտերի ընդունումը:

Ծրագրով նախատեսվում է Ախուրյանի և Հրազդանի ջրավազանային կառավարման պլանների ընդունում, ինչը հնարավորություն կտա հաշվարկել տարածքի օգտագործելի ջրային ռեսուրսները, ռազմավարական և ազգային ջրային պաշարները, կատարել տարածքի ջրի առաջարկի և պահանջարկի վերլուծություն:

Նախատեսվում են ինստիտուցիոնալ բարեփոխումներ, որոնք կներառեն ջրային ռեսուրսների պետական կադաստրի կատարելագործման, հիդրոերկրաբանական թվայնացված քարտեզի և ստորերկրյա ջրավազանի եռաչափ մոդելի մշակման, բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ հաշվետվությունների էլեկտրոնային համակարգի ներդրման գործընթացներ:

Մեծածավալ աշխատանքներ կիրականացվեն ձկնաբուծական, ոռոգման և խմելու-կենցաղային նպատակներով ջրօգտագործման համակարգում, այդ թվում` տեսչական ստուգումներ ռիսկային ջրօգտագործողների մոտ, կլուծարվեն լցված, ոչ պիտանի հորատանցքերը, կվերանայվեն ձկնաբուծական տնտեսություններում ջրի քանակական նորմաների համաձայն ջրօգտագործման թույլտվությունները և այլն:

Քննարկման ընթացքում հնչած մի շարք առաջարկություններ և ուղղումներ կներկայացվեն արդեն միջգերատեսչական աշխատանքային խմբի հաջորդ նիստի ընթացքում՝ մեկ շաբաթից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---