Քաղավիացիան բանակցում է մի շարք ավիաընկերությունների հետ. Արտոնություններ են առաջարկվում

Քաղավիացիան բանակցում է մի շարք ավիաընկերությունների հետ. Արտոնություններ են առաջարկվում

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն այժմ ակտիվ բանակցություններ է վարում մի շարք ավիաընկերությունների հետ ոչ միայն Գյումրու «Շիրակ» օդանավակայանից թռիչքներ իրականացնելու համար, այլ նաև «Զվարթնոց» օդնավակայան ներգրավելու հարցով:

«Կոմերցիոն բնույթից ելնելով չենք կարող նշել, թե կոնկրետ որ ընկերությունների հետ են բանակցություններն ընթանում: Բայց մեր բանակցային գործիքների թիվն ավելանում է», - PanARMENIAN.Net ին հայտնեցվարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով և՛ ՔԱԳՎ-ն, և՛ կառավարությունը, և՛ օդանավակայանի կոնցենսիոները համատեղ հետևողական ակտիվ աշխատանքներ են տանում՝ միտված «Շիրակ» օդանավակայանի գրավչության բարձրացմանը։

«Գործիքները բազմաթիվ են, առաջարկները մեծաթիվ. կա բյուջետային ավիաընկերությունները սպասարկող այլըտրանքային օդանավակայան, որտեղ գործում է ճկուն զեղչային համակարգ», - պարզաբանեց Հովհաննիսյանը։

Նա հիշեցրեց, որ դեռևս 2014-ին Գյումրու «Շիրակ» օդանավակայանից մեկնող ուղևորներն ազատվել են «օդի հարկից», վերջերս օդանավակայանում աերոնավիգացիոն սպասարկման սակագինն իջեցվեց 50 տոկոսով և օդանավակայանից օգտվող բոլոր ավիաընկերությունների համար սահմանվեց ավիաօդերևութաբանական անվճար սպասարկում:

Հոկտեմբերի 20-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ ՀՀ կառավարությունը նախատեսում է բյուջետային ավիափոխադրողներ ներգրավել Գյումրիի «Շիրակ» օդանավակայան: Հոկտեմբերի 21-ին հայտնի է դարձել, որ «Պոբեդա» ավիաընկերությունը Մոսկվայից Գյումրի չվերթներ իրականացնելու թույլտվություն է ստացել: Դեկտեմբերին ավիաընկերությունների համար Գյումրու «Շիրակ» օդանավակայանի գրավչության բարձրացման և զարգացման նպատակով որոշում է կայացվել օդանավակայանի աերոնավիգացիոն սպասարկումն այսուհետ իրականացնել 50 տոկոս իջեցված սակագնով:

Նոյեմբերի 3-ին հայտարարվել է, որ Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը կհրաժարվի Դոնի Ռոստովից Երևան թռիչքների թույլտվությունից, քանի որ ուղևորների սպասարկման արժեքը «Զվարթնոց» օդանավակայանում բարձր է: Դեկտեմբերի 15-ին՝ 8-ամսյա դադարից հետո Շիրակ օդանավակայանը կրկին վերագործարկվեց: «Պոբեդա»-ն իր առաջին թռիչքը կատարեց: Շաբաթական երեք չվերթ է նախատեսված: Տոմսերի գները սկսվել են 999 ռուբլիից (մոտ 7500 դրամ): 500 ռուբլի (մոտ 3700 դրամ) հավելավճարի դեպքում ընկերությունն առաջարկում է նաև Երևանից Գյումրի ավտոբուսի ծառայություն: Հնարավոր է պատվիրել նաև «Պլյուս» և «Պրեմիում» փաթեթներ: Դրանց տոմսերը ներառված ծառայությունների արդյունքում ավելի թանկ են:

«Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվա չվերթներն իրականացվում են «Բոինգ-737» և «Բոինգ-800» տիպի օդանավերով, որոնք նախատեսված են մոտ 180 ուղևորի համար: «Պոբեդա» ավիաընկերությունն «Աերոֆլոտ» խմբի ցածրաբյուջետային փոխադրող է: Ընկերության չվերթներն իրականացվում են Boeing-737-800 12 ինքնաթիռով 58 ուղղությամբ: Իրականացվում է 8 միջազգային չվերթ, այդ թվում Fly & Bus ծառայության միջոցով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---