Ռոհանի. Իրանը ղարաբաղյան պատերազմի 2 ճակատում էլ գործուն ներկայություն է ունեցել

Ռոհանի. Իրանը ղարաբաղյան պատերազմի 2 ճակատում էլ գործուն ներկայություն է ունեցել

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Հասան Ռոհանին իսլամական հեղափոխության 38-րդ հաղթանակի տարեդարձի առթիվ փետրվարի 9-ին հանդիպել է Թեհրանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

ԻԻՀ նախագահի պաշտոնական կայքին հղումով Panorama.am-ը գրում է, որ Իրանի նախագահը, անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը և տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն ուղղված Իրանի ջանքերին, նշել է. «Այն ժամանակ, երբ Իրանի հյուսիսում Հայաստանի և Ադրբեջանի միջև Ղարաբաղի բարձունքներում բախումներ էին տեղի ունենում, Իրանը երկու ճակատում էլ գործուն ներկայություն ունեցավ, որպեսզի պատերազմի կրակը հանգցնի և տարածաշրջանում խաղաղություն հաստատի»:

Նույն օրը վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 38-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ կառավարության ընդունելությունների տանը կազմակերպված տոնական միջոցառմանը: Կառավարության ղեկավարը շնորհավորել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին և Իրանի բարեկամ ժողովրդին՝ Իսլամական հեղափոխության տարեդարձի առթիվ և ցանկություն հայտնել, որպեսզի հայ-իրանական հարաբերություններն ավելի ամրապնդվեն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---