Քաղաքացին Գորիսի ոստիկանության շենքի վրա նռնակ է նետել

Քաղաքացին Գորիսի ոստիկանության շենքի վրա նռնակ է նետել

PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են պայթուցիկ սարքը ձեռքին ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի շենքին մոտենալու դեպքի հանգամանքները։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նախնական քննության տվյալներով՝ 2017թ. փետրվարի 10-ին` ժամը 16:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը ապօրինի ձեռք բերված և իր մոտ պահվող ռազմամթերք հանդիսացող «Ф1» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակով և նռնակին ամրացված մարտական պայթուցիչով մոտեցել է Գորիս քաղաքի ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի վարչական շենքին: Տղամարդը պահանջել է բացել մուտքի դուռը, ապա հեռացել և քայլել հարակից փողոցով՝ ճանապարհին նետելով նռնակն առանց նռնակի պայթուցիչի օղը քաշելու, ինչից հետո անմիջապես բերման է ենթարկվել:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով: Պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Գորիս քաղաքի բնակիչ, ինչպես նաև՝ նման քայլի գնալու պատճառը։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դատապայթունատեխնիկական, դատաբժշկական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ:

Կատարվել են բնակարանների խուզարկություններ, որի արդյունքում հայտնաբերվել են 4 փամփուշտ, ձեռքի հակատանկային նռնականետ, սվին դանակ, 3 փաթեթ թմրանյութի նմանվող դեղնականաչավուն զանգված: Դրանք առգրավվել են և նշանակվել դատապայթունատեխնիկական-դատաձգաբանական համալիր, դատաքիմիական և դատաքրեագիտական փորձաքննություններ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Գորիս քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի առաջին մասով։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են միջոցներ՝ դեպքի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---