ԼՂՀ ՄԻՊ-ը ԵԽ-ում ներկայացրել է Ադրբեջանի վայրագությունները քառօրյա պատերազմում

ԼՂՀ ՄԻՊ-ը ԵԽ-ում ներկայացրել է  Ադրբեջանի վայրագությունները քառօրյա պատերազմում

PanARMENIAN.Net - Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանում, փետրվարի 14-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի և Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելի մամուլի ասուլիսը։

Ասուլիսի մեկնարկին Ռուբեն Մելիքյանը նշել է, որ Արցախի քաղաքացիների համար շատ կարևոր է, որպեսզի Եվրոպայի գործընկերների համար լսելի լինի իրենց ձայնը, գրում է Panorama.am-ը։

Արցախի օմբուդսմենը նշել է, որ Եվրոպական խորհրդարանում հանդիպումներ է ունեցել խորհրդարանականների հետ ու ներկայացրել է իր վերջին զեկույցը, որն անդրադառնում է 2016-ի ապրիլին Ադրբեջանի իրականացրած վայրագություններին։

«Ես հատկապես ընդգծեցի մարդու իրավունքների սիստեմատիկ խախտումներն ապրիլյան պատերազմի ժամանակ, որի վկայությունն է այն, որ Ադրբեջանի հսկողության տակ հայտնված Լեռնային Ղարաբաղի բնակչության 90 տոկոսը եղել է խոշտանգված, սպանված կամ խեղված։ Այս ամենը տեղի է ունեցել Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի բոլոր ուղղություններով՝ Թալիշ գյուղում, որը ապրիլյան պատերազմի խորհրդանիշն է դարձել, ինչպես նաև ագրեսիայի մյուս ուղղություններով»,-ասել է Մելիքյանը։

Արցախի օմբուդսմենը հավելել է, որ Եվրոպական խորհրդարանում ներկայացրել է իր զեկույցի ոչ միայն հրապարակային տարբերակը, այլ նաև սահմանափակ հասանելիություն ունեցող տարբերակը, որում մանրամասնորեն անդրադարձ է կատարվում յուրաքանչյուր զոհին։ Նա նշել է, որ սա շատ տագնապալի իրավիճակ է մարդու իրավունքների համայնքի ու Եվրոպայի համար՝ ընդգծելով, որ Եվրոպան, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցները, պետք է անմիջական ներգրավվածություն ունենան ու ուսումնասիրեն, թե ինչ է կատարվում նաև Լեռնային Ղարաբաղում.

«Սա շատ վտանգավոր է, քանի որ Ադրբեջանը մտածում է, որ կարող է իրականացնել այն ամենն ինչ կցանկանա ու այդ ամենը հնարավոր չի լինի անկախ ձևով հաստատել»։

Օմբուդսմենը Եվրոպական խորհրդարանի անդամների հետ քննարկել է նաև օրերս Բելառուսից Ադրբեջան արտահանձնված Ալեքսանդր Լապշինի հարցը, որը, ինչպես ասել է Մելիքյանը, «ազատ խոսքը լռեցնելու ու դեպի Արցախ այցը վտանգավոր դարձնելու փորձ էր».

«Սա ևս մարդու իրավունքների շատ վտանգավոր հարց է, սա ոչ միայն Լապշինի հարցն է, այլ նաև այն բոլոր մարդկանց, ովքեր եղել են կամ լինելու են Արցախում։ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները բազմիցս ապացուցել են, որ պատրաստ են լինել առավել ներգրավված Եվրոպայում, ստանձնել Եվրոպական արժեքները և նրանք արժանի են ունենալ այդ հնարավորությունը»։

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 13 ԱԹՍ: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: Սակայն ադրբեջանական կողմը շարունակում է գնդակոծել ինչպես ղարաբաղյան, այնպես էլ ՀՀ դիրքերը:

Ապրիլին լայնամասշտաբ ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմը կրել է 78 մարտական կորուստ, 120-ից ավելին վիրավորվել է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---