Վարչապետ. Պատրաստ ենք ֆինանսավորել ԵՊՀ ուսանողների հաջող բիզնես ծրագրերը

Վարչապետ. Պատրաստ ենք  ֆինանսավորել ԵՊՀ ուսանողների հաջող բիզնես ծրագրերը

PanARMENIAN.Net - Կառավարությունը պատրաստ է ֆինանսավորել ԵՊՀ ուսանողների բիզնես ծրագրերը: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ԵՊՀ ղեկավարության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ:

Վարչապետն ուսանողներին տեղեկացրել է, որ տրվում է Start up-երի համար նախաձեռնության մեկնարկը:

«Մենք մրցույթ ենք հայտարարելու և պատրաստ ենք ֆինանսավորել ԵՊՀ ուսանողների այն բիզնես ծրագրերը, որոնք առաջին երեք տեղին կարժանանան: Նաև թիմը համալրելու խնդիր ունենք, ցանկացած նախաձեռնություն ընդունելի կլինի մեր կողմից: Մենք պատրաստ ենք Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում քննարկել մեր երկրի զարգացմանը վերաբերող յուրաքանչյուր գաղափար», - նշել է կառավարության ղեկավարը՝ կոչ անելով ուսանողներին օգտագործել այդ հարթակն իրենց գաղափարները կյանքի կոչելու համար:

«Մենք պետք է մի երկիր ստեղծենք, որտեղ գործ անող մարդը, ստեղծագործ մարդը, հավելյալ արժեք ստեղծող մարդը, յուրաքանչյուր մարդ, ով ներուժ ունի, իրեն բավարարված և հանգիստ զգա: Մենք խելացի չլինելու հնարավորություն կամ շքեղություն չունենք: Ինչ անենք, պետք է խելացի անենք: Տարածաշրջանը, հարևանությունը, տրանսպորտային լոգիստիկան՝ ամեն ինչ պարտադրում է, որպեսզի մենք լինենք խելացի և կիրթ: Մեր հիմնական կապիտալը մարդն է, և նա պետք է լինի գրագետ, խելացի, հաշվարկելու ունակություն ունեցող: Այդ իսկ պատճառով ինձ համար չափազանց կարևոր է, թե ոնց ենք գնում, ուր ենք գնում, և երբ եք դուք մեզ միանալու», - ասել է Կարապետյանը:

Իր խոսքում վարչապետն ընդգծել է, որ կառավարության գործունեությունը միտված է անկախ, անվտանգ, արդար և ինտելեկտուալ երկիր ունենալուն:

Հարցուպատասխանի ընթացքում վարչապետը պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին տարբեր ոլորտներում խնդիրների լուծման ուղղությամբ կառավարության ծրագրերին, պետական համակարգում երիտասարդների ներգրավվածության ավելացմանը, ուսանողական ակտիվության խթանմանը, բուհ-աշխատաշուկա կապի ձևավորմանը, առաջադիմությամբ պայմանավորված զեղչային համակարգի կիրառմանը, բուհական համակարգի սերնդափոխությանը, երիտասարդ մասնագետներով համալրմանը և որակական բարեփոխմանը, գիտության ֆինանսավորմանը, պետական կառավարման ապարատի օպտիմալացմանը, տարածքային համաչափ զարգացմանը, ինչպես նաև ներքաղաքական և հանրությանը հուզող մի շարք այլ հարցեր:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---