ՀՀ ներկայացուցչի ելույթը ՄԱԿ-ի ԱԽ-ում. ԼՂ հակամարտությունը պայքար է հայատյացության դեմ

ՀՀ ներկայացուցչի ելույթը ՄԱԿ-ի ԱԽ-ում. ԼՂ հակամարտությունը պայքար է հայատյացության դեմ

PanARMENIAN.Net - Փետրվարի 21-ին ՄԱԿ Անվտանգության խորհուրդում կայացել է «Միջազգային խաղաղություն և անվտանգության պահպանում. Հակամարտությունները Եվրոպայում» խորագրով բաց քննարկում, որի նպատակն էր դիտարկել Եվրոպայում առկա հակամարտությունների արդյունքում տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության համար սպառնալիքները:

ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ քննարկման մասնակիցների թվում են եղել Հունգարիայի, Լիտվայի և Վրաստանի ԱԳ նախարարները, Խորվաթիայի պետքարտուղարը, Շվեդիայի, Ղազախստանի, Մոլդովայի և Լատվիայի ԱԳ փոխնախարարները: Քննարկում անցել է Ուկրաինայի ներկայացուցչի նախագահությամբ:

Հանդիպմանը բացման ելույթներով հանդես են եկել ՄԱԿ ԳՔ Ա.Գուտերեշը, ԵԱՀԿ ԳՔ Լամբերտո Զանիերը և ԵՄ Արտաքին հարաբերությունների ծառայության ԳՔ Հելգա Շմիդը, որոնք ընդգծել են Եվրոպայում չկարգավորված հակամարտությունների հարցում ՄԱԿ-ի համագործակցությունը ԵԱՀԿ և ԵՄ՝ որպես տարածաշրջանային կառույցների հետ:

Մատնանշվել է նաև, որ որևէ մեկ գործոն չի կարող նշվել, որպես Եվրոպայում առկա հակամարտությունների պատճառ, իսկ որոշ դեպքերում պայմանավորվածությունները պարզապես չեն իրագործվում:

Հանդիպմանն անդրադարձ է արվել Եվրոպայում այսպես կոչված «սառեցված» հակամարտություններին, ներառյալ Կիպրոսում, Ուկրաինայում, Մոլդովայում և Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, այդ թվում` ԼՂ հիմնահարցին:

Ընդգծվել է հակամարտությունների խաղաղ կարգավորմանն, ինչպես նաև հակամարտությունների կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերի ամրապնդման կարևորությունը, այդ թվում` տարածաշրջանային մեխանիզմների միջոցով:

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը հանդես է եկել ելույթով` ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը` որպես մարդու իրավունքների, ազատության և ինքնորոշման համար պայքար, որն առաջացել է ի պատասխան կանոնավոր բնույթ կրող խտրականությունների և բռնությունների:

«Սա պայքար է, որն ականատես եղավ հայերի հանդեպ ջանրդերին Բաքվում, Սումգաիթում, Կիրովաբադում և Ադրբեջանի այլ վայրերում՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իր ապագան ազատ որոշելու օրինական պահանջին: Սա պայքար է` հանուն ինքնապաշտպանության և ֆիզիկական գոյատևման` Ադրբեջանի կողմից արձակած ագրեսիայի և էթնիկ զտումների պայմաններում: Սա պայքար է բարբարոս վարչակարգի դեմ, որը խելացնոր կերպով փառաբանում է 2004թ. հայ սպային կացնահարած մարդասպան Սաֆարովին: Սա պայքար է համատարած հայատյացություն և հայերի հանդեպ անհանդուրժողականություն քարոզող վարչակարգի կողմից իրավասության հավակնությունների դեմ: Սա կենաց-մահու և ազատության պայքար է», - նշել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը։

Անդրադառնալով 2016թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծած Ադրբեջանի ագրեսիային, դեսպան Մնացականյանը նշել է, որ հայկական կողմը մշտապես տեղեկացրել է Անվտանգության խորհրդին տեղի ունեցած բարբարոսությունների և ոճրագործությունների մասին՝ ընդգծելով, որ միջազգային հանրությունը պետք է հաստատակամորեն մերժի ուժի կիրառումը` որպես հակամարտության ռազմական լուծում:

Նշվել է, որ փոխարենն անհրաժեշտ է իրական քայլեր ձեռնարկել 2016թ. Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված համաձայնություններն իրագործելու ուղղությամբ` խաղաղ բանակցությունների առաջընթացն ապահովելու նպատակով: Խոսքի ավարտին Զոհրաբ Մնացականյանը Հայաստանի երախտագիտությունն է արտահայտել միջազգային հանրությանը, մասնավորապես՝ Անվտանգության խորհրդին և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին` ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների միջնորդական ջանքերին ցուցաբերվող հետևողական և անվերապահ աջակցության համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---