Սարգսյանը Մոգերինիին է ներկայացրել Ադրբեջանի ապակառուցողական պահվածքն ու շփման գծում հրահրվող սադրանքները

Սարգսյանը Մոգերինիին է ներկայացրել Ադրբեջանի ապակառուցողական պահվածքն ու  շփման գծում հրահրվող սադրանքները

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 28-ին Բրյուսելում հանդիպել է Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության միջոցների ու հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հանդիպման սկզբում Հանրապետության նախագահը գոհունակությամբ է փաստել, որ տիկին Մոգերինիի հետ հերթական հանդիպումը կայանում է Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունների համար կարևորագույն պահի, երբ մեկ օր առաջ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հայտարարվեց նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին: Սերժ Սարգսյանը հատկանշական է համարել, որ դեռևս մեկ տարի առաջ Երևանում կայացած հանդիպմանը քննարկում էին Հայաստան-Եվրամիություն նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների ընթացքը, որի մեկնարկը ժամանակին տիկին Մոգերինին անձամբ է ազդարարել: Նախագահ Սարգսյանն այդ ձեռքբերումը փոխադարձ հանձնառության և երկու կողմերի թիմերի նվիրված ու լուրջ աշխատանքի արդյունքն է համարել:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և փոխգործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նախագահն ընդգծել է, որ, հիրավի, կարելի է գոհունակությամբ խոսել վերջին երկու տարվա համատեղ ձեռքբերումների մասին:

ԵՄ բարձր ներկայացուցչի հետ ՀՀ նախագահի հանդիպմանը ևս, ինչպես նախորդ օրը կայացած ԵՄ կառույցների ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ, անդրադարձ է եղել Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքին, Սահմանադրության փոփոխություններից հետո իրականացվող լայնածավալ աշխատանքներին` ուղղված երկրում ժողովրդավարական հաստատությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Նախագահը, ի պատասխան տիկին Մոգերինիի հարցի, ներկայացրել է խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները և շնորհակալություն հայտնել ընտրությունների անցկացմանը ԵՄ աջակցության համար:

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը, առկա խնդիրներն ու մտահոգությունները: Նախագահը հանգամանորեն ներկայացրել է Ադրբեջանի ապակառուցողական պահվածքն ու այդ երկրի կողմից ԼՂ-ի հետ շփման գծի երկայնքով ու նաև Հայաստանի պետական սահմանի վրա պարբերաբար հրահրվող սադրանքները, հրաժարումը Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարումից, որոնք, ըստ նրա, հարցականի տակ են դնում միջազգային հանրության՝ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված երկարամյա ջանքերը և ողջ բանակցային գործընթացը։

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 28-ին հանդիպել է նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---