Առողջապահության ոլորտի 2017-ի ծրագրերով ավելի քան 25 մլրդ դրամ կներդրվի

Առողջապահության ոլորտի 2017-ի ծրագրերով  ավելի քան 25 մլրդ դրամ կներդրվի

PanARMENIAN.Net - 2017-ին առողջապահության ոլորտում 42 ծրագրով նախատեսվում է ավելի քան 25 մլրդ դրամի ներդրում։ Այդ թվում` բազմաթիվ բժշկական հաստատություններ վարկային, տնտեսված կամ դրամաշնորհային միջոցներով կստեղծեն նոր ծառայություններ, կվերազինվեն ժամանակակից սարքավորումներով։

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանին շտապօգնության 200 մեքենա նվիրաբերելու ծրագրի համար կներդնի 4.8 մլրդ դրամ։

Այս առթիվ Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2016թ. դեկտեմբերին։

ՀՀ առողջապահության նախարարության համաձայն, ծրագիրը զգալիորեն կնպաստի մեր երկրում, հատկապես` մարզերում, շտապօգնության ծառայության որակի բարելավմանը։

Կանխատեսվում է, որ շտապօգնության մեքենաների առաջին խմբաքանակը Հայաստան կհասնի ընթացիկ տարում։

ԱՄՆ և ՀՀ կառավարությունների համագործակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագիրը միտված է ՀՀ-ում լաբորատոր ցանցի հզորացմանը։ Ծրագրի շրջանակում արդեն իսկ հզորացվել են առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» ռեֆերենս, ինչպես նաև Շիրակի և Տավուշի մարզային լաբորատորիաները: Ընթացիկ տարում նույն ծրագրի շրջանակում կվերազինվեն Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզային լաբորատորիաները: Ամերիկյան կողմն այդ նպատակով կներդնի 4 մլրդ ՀՀ դրամ։

Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2013թ. կնքված համաձայնագրով 2017թ. շարունակվում են Սևանի բժշկական կենտրոնի կառուցման և Արտաշատի հիվանդանոցի վերանորոգման աշխատանքները։ Համաշխարհային բանկի վարկային միջոցներով և ՀՀ կառավարության մասնակցությամբ կիրականացվեն 837 մլն ՀՀ դրամի շինարարական աշխատանքներ։

Եվս 860 մլն ՀՀ դրամ կներդրվի պետական բյուջիե միջոցներով կառուցվող Վանաձորի բժշկական կենտրոնի համար ժամանակակից սարքավորումների, բժշկական պարագաների և կահույքի ձեռքբերման համար։

Նոր տեխնոլոգիաների ներդրման, հիվանդությունների կանխարգելման, ինչպես նաև հիվանդանոցների արդիականացման և մարզային ամբուլատորիաների կառուցման ծրագրերն իրականացվում են պետական և մասնավոր հատվածի, միջազգային վարկային և դրամաշնորհային միջոցներով։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---