2017-ին 21 դպրոց կհավակնի մասնակցելու «Արարատյան բակալավրիատ» ծրագրին

2017-ին 21 դպրոց կհավակնի մասնակցելու «Արարատյան բակալավրիատ» ծրագրին

PanARMENIAN.Net - «Արարատյան բակալավրիատ» հայալեզու և միջազգայնորեն ճանաչված ծրագրի թեկնածու դպրոցների ընտրության գործընթացը դեռ շարունակվում է, սակայն արդեն հայտնի է, թե 2017-ին քանի դպրոց կներառվի «Արարատյան բակալավրիատ» ծրագրի թեկնածության փուլում, հայտնում է «Այբ» հիմնադրամը։

«Արարատյան բակալավրիատ» ծրագրի թեկնածության փուլը կմեկնարկի ավագ բաղադրիչ ունեցող 21 դպրոցում՝ 20-ը՝ ՀՀ մարզերում, 1-ը՝ Ստեփանակերտում։ Սա նշանակում է, որ այս դպրոցները հնարավորություն կունենան որպես ԱԲ-ի համակարգի դպրոց հավաստագրվելու սկսած 2018 թվականից՝ ներդնելով ԱԲ-ի առարկայական ծրագրերը ինչպես մեկ դասարանում, այնպես էլ ամբողջ դպրոցում՝ ցանկության դեպքում։

Թեկնածու դպրոցների վերջնական ընտրությունը կատարվել է փետրվարի 22-ից մարտի 10-ը 27 դպրոցներ անհատական այցերի և մարտի 11-12-ին այդ դպրոցների թիմերի՝ Արարատյան բակալավրիատի թեկնածու դպրոցների ընտրության մրցութային հանձնաժողովի անդամների հետ ունեցած հանդիպում-զրույցների հիման վրա։

ՄՀ անդամներն են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Դավիթ Սահակյանը, ՀՀ պաշտպանության փոխնախարար, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Դավիթ Փախչանյանը, ՀՀ նախագահի կրթության գծով խորհրդական, Կրթության գերազանցության ազգային ծրագրի տնօրեն Մեսրոպ քհն. Արամյանը և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական վարչության անդամ, ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը։

Արարատյան բակալավրիատի անդամակցության դիմում-հայտ էր ներկայացրել ՀՀ մարզերի և Ստեփանակերտի՝ ավագ բաղադրիչ ունեցող 55 դպրոց։ Դիմում-հայտերի ուսումնասիրության արդյունքում դպրոցները բաժանվել են ըստ թեկնածության փուլի մեկնարկային տարվա։

Արարատյան բակալավրիատը հայալեզու և միջազգայնորեն ճանաչված կրթական ծրագիր է, որ կոչված է մրցունակ դպրոցական կրթության հնարավորություն ընձեռելու ՀՀ բոլոր աշակերտներին։ Ծրագիրը ստեղծվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից և լրամշակվել Կրթության գերազանցության ազգային ծրագրի (ԿԳԱԾ) շրջանակում։

Առաջին փուլում նախատեսվում է ծրագիրը ներդնել ՀՀ մարզերի և Ստեփանակերտի ընտրված դպրոցներում առնվազն մեկական դասարանով՝ հետագայում ընդլայնման ակնկալիքով։ Նախատեսվում է, որ ԱԲ ծրագրով առաջին մարզային դպրոցներն իրենց գործունեությունը կսկսեն 2018 թ․ սեպտեմբերի 1-ից։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ՝ Քեմբրիջի համալսարանի «Քեմբրիջի միջազգային քննություններ» կենտրոնի և Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) Կրթության ինստիտուտի (IOE) հետ համագործակցությամբ։ Այս գերազանցության ծրագիրը կգործի պետական կրթական ծրագրին զուգահեռ՝ տալով աշակերտներին ավագ դպրոցի կրթական ծրագրի ընտրության ավելի լայն հնարավորություն և ապահովելով կրթության որակի և ավարտական գնահատականների ու դիպլոմի և՛ տեղական, և՛ միջազգային ճանաչում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---