ԵՄ. Ընտրություններն արդար էին, բայց՝ վստահություն չներշնչող

ԵՄ. Ընտրություններն արդար էին, բայց՝ վստահություն չներշնչող

PanARMENIAN.Net - Ընտրական գործընթացի ավարտից հետո ԵՄ-ն ակնկալում է գործակցել ժողովրդավարական ճանապարհով ընտրված նոր խորհրդարանի ու կառավարության հետ: Այս մասին ասվում է Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԵՄ մամուլի քարտուղար Մայա Կոսիյանչիչի տարածած հայտարարության մեջ։

Հայտարարությունում նշվում է, որ ընտրությունները եղել են լավ կազմակերպված և հիմնական ազատությունները ընդհանուր առմամբ պահպանվել են։

«Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության նախնական եզրակացությունների համաձայն՝ ընտրությունները լավ էին կազմակերպված, և ընդհանուր առմամբ պահպանվել են հիմնարար ազատությունները:

Այնուհանդերձ, ընտրությունների վրա հետք են թողել ընտրակաշառքների վերաբերյալ արժանահավատ տեղեկատվությունները և պետական ծառայողների և մասնավոր ընկերությունների աշխատակիցների նկատմամբ կիրառված ճնշումները, որ, ընդհանուր առմամբ, հանգեցրել են հասարակության ընդհանուր անվստահությանը ու ընտրությունների նկատմամբ վստահության բացակայությանը»,- ասված է հայտարարության մեջ, սակայն նշվում է, որ «ընտրությունների արդյունքներն այս ամենով հանդերձ արտացոլում են հայ ժողովրդի ընդհանուր կամքը»:

«Չնայած աննախադեպ քանակության միջազգային ու ազգային դիտորդների համար բարենպաստ պայմաններ էին ստեղծվել դիտորդական առաքելությունն իրականացնելու համար, բայցևայնպես միջազգային ՀԿ-ներին չէին հրավիրել դիտորդության, ինչը հակասում է 1990թ. ընդունված ԵԱՀԿ Կոպենհագենյան փաստաթղթին։ Դիտորդների միջազգային առաքելությունը ողջունել է ինչպես նոր տեխնոլոգիաների ներդրումը, ինչին ԵՄ-ն աջակցել էր Հայաստանի իշխանությունների հետ համատեղ արդյունավետ իրականացված նախագծի շրջանակում, այնպես էլ իրավական շրջանակի բարեփոխումները։ Չնայած որոշ աննշան տեխնիկական խնդիրներին՝ քվեատուփերի լցոնման, կրկնակի քվեարկության, հաշվարկի և արդյունքների ամփոփման գործընթացում ավելի քիչ անճշտություններ են գրանցվել դիտորդների կողմից:

ԵՄ-ն հանձնառու է աջակցել Հայաստանի կայուն, ժողվորդավարական ու բարգավաճ ապագային։ Ընտրական գործընթացի ավարտից հետո մենք ակնկալում ենք գործակցել ժողովրդավարական ճանապարհով ընտրված նոր խորհրդարանի ու կառավարության հետ՝ ամրապնդելու մեր քաղաքական երկխոսությունն ու շարունակելու տնտեսական և սոցիալական բարեփոխումների մեր աջակցությունը նաև Հայաստանի-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայագրի հիման վրա, ինչպես նաև վերանայված Եվրոպական հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերության ավելի լայն շրջանակներում»,- ասված է Մայա Կոսիյանչիչի տարածած հայտարարության մեջ:

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 3-ի կեսօրին հրավիրած նիստում ամփոփել է նախորդ օրը կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ մշակված բոլոր՝ 2009 ընտրատեղամասերից ստացված արդյունքների հիման վրա: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 770.718 քվե կամ ընտրողների ձայների 49.15%-ը, «Ծառուկյան դաշինքը»՝ 428.892 քվե կամ 27.35%-ը: ԵԼՔ դաշինքը ստացել է 121.997 քվե կամ ընտրողների ձայների 7.78%-ը, ՀՅԴ-ն՝ 103.173 քվե կամ 6.57%-ը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը՝ 103.148 կամ 6.58%-ը:

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը ստացել է 58.274 քվե կամ 3.72%, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը՝ 32.487 քվե կամ 2.07%, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը՝ 25.973 քվե կամ 1.66%, «Ազատ դեմոկրատները»՝ 14.740 քվե կամ 0.94%, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 11.742 քվե կամ 0.75%: Ընտրություններին մասնակցել 1.577.323 ընտրող կամ ընտրողների 60.93%-ը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---