ՀՀ-ն անդամակցել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցին

ՀՀ-ն անդամակցել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցին

PanARMENIAN.Net - Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) դարձել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի (ENQA) լիիրավ անդամ: Այս մասին հայտարարել է ՈԱԱԿ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարուժան Ավետիքյանը և տնօրեն Ռուբեն Թոփչյանը:

«Այս անդամակցությունը նշանակում է, որ ՈԱԱԿ-ի կողմից իրականացվող հավատարմագրումները համապատասխանում են եվրոպական չափանիշներին, նույնական են եվրոպական գործընթացների հետ և ճանաչելի են Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի կողմից»,- պարզաբանել է Ավետիքյանը:

Թոփչյանը նշել է, որ կառույցը դեռ 2009-ից ENQA-ի նախնական անդամ էր. «Իրենք հետևում էին մեր գործունեությանը, սակայն մեր արդյունքները Ցանցում չէին երևում որպես ճանաչված»: Նրա խոսքով, անցած տարիների ընթացքում ՈԱԱԿ-ը աշխատանք է իրականացրել՝ Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցին ցույց տալու, որ աշխատում է նույն չափանիշներով ու սկզբունքներով, ինչ եվրոպական գործակալությունները:

Անդրադառնալով հարցին, թե ENQA անդամակցությունն ինչպես կազդի արտերկրում սովորելու ցանկություն ունեցող ուսանողները, Թոփչյանն ասել է. «Երբ որևէ բուհ փորձում է պայմանագիր կնքել եվրոպական բուհի հետ ուսանողների փոխանակման համար, Եվրոպայում նախ և առաջ դիտարկում են՝ հավատարմագրվա՞ծ է արդյոք այդ բուհը և ո՞ւմ կողմից է հավատարմագրված: Այժմ ՈԱԱԿ-ի կողմից հավատարմագրված լինելը համարժեք է եվրոպական հավատարմագրմանը: Այս պարագայում պայմանագրի կնքման և արդյունքների ճանաչման հնարավորությունները մեծանում են»:

«ՈԱԱԿ-ի կողմից հավատարմագրված բուհը նաև մեր միջոցով դառնում է եվրոպական բուհական ընտանիքի անդամ, ինչն էականորեն բարձրացնում է նրանց վարկանիշը որպես կրթություն մատուցող կառույց»:

Խոսելով հավատարմագրումների և ՈԱԱԿ գործողությունների՝ բուհական համակարգի վրա ազդեցության մասին՝ Թոփչյանը նշել է, որ ներկայում բոլոր հավատարմագրված բուհերում բարեփոխումներ են իրականացվում. վերանայվում են կրթական ծրագրերի վերջնարդյուքնները, փորձում են փոխել դասավանդման մեթոդները:

Նա նկատել է, որ բուհերը մեծ ուշադրություն են դարձնում միջազգայնացմանը և կրեդիտների ճանաչմանը երկրի ներսում և արտերկրում: «Հաճախ մեր կարգերը, օրենքները խանգարում են ուսանողների շարժունությանը երկրի ներսում: Հավատարմագրման միջոցով բուհերը կարող են ճանաչել ու վստահել միմյանց»,- ասել է Թոփչյանը:

«Նպատակն է հասնել նրան, որ բուհերը միմյանց հետ համագործակցելով կարողանան ապահովել ուսանողների շարժունությունը: Այսինքն՝ ուսանողն ուսումնառության տարիների ընթացքում կարողանա իր նախընտրած առարկաներն ուսումնասիրի ցանկացած այլ բուհում, որը գուցե այդ ուղղությամբ է մասնագիտացած, կամ որտեղ ավելի հեղինակավոր դասախոս է դասավանդում տվյալ առարկան, և ստացած կրեդիտներն իր բուհ բերի: Հավատարմագրումը նպաստելու է, որ հասնենք այս նպատակի իրագործմանը»,- հավելել է Ավետիքյանը:

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամը (ՈԱԱԿ) համագործակցում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի ՄԹ Բարձրագույն կրթության որակի ապահովման գործակալության (QAA), ՌԴ Հանրային հավատարմագրման ազգային կենտրոնի, Շվեյցարիայի որակի ապահովման և հավատարմագրման կենտրոնի (OAQ), Լեհաստանի հավատարմագրման կոմիտեի (PKA), Գերմանիայի բնական գիտությունների, ճարտարագիտության, ինֆորմատիկայի և մաթեմատիկայի որակի ապահովման կենտրոնի (ASIIN), Նիդեռլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման գործակալության (NVAO) և մի շարք այլ օտարերկրյա կառույցների հետ։

Հիմնադրամը նաև TEMPUS-ի 13 ծրագրի գործընկեր է կրթության որակի ապահովման ոլորտում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---