Վաճառականները հարկայինի դեմ ցույցի են ելել, ՊԵԿ-ն ասում է՝ բողոքն ուղղորդված է

Վաճառականները  հարկայինի դեմ ցույցի են ելել,  ՊԵԿ-ն ասում է՝ բողոքն ուղղորդված է

PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ին Կառավարության շենքի դիմաց Երևանի տոնավաճառների հարյուրավոր քաղաքացիներ ցույցի են դուրս եկել՝ պահանջելով իրենց թույլ տալ աշխատել նախկին ռեժիմով: Նրանք պնդում են, որ հարկային տեսուչներն ահաբեկում են իրենց, ստիպում են ներկայացնել, թե ինչ են գնել, ինչ են վաճառել՝ վախի մթնոլորտ ստեղծելով տոնավաճառներում, պարտադրելով հաշվապահ ունենալ:

Պետական եկամուտների կոմիտեն օրերս հայտարարություն է տարածել այն մասին, որ բիզնեսի համար հավասար դաշտ ապահովելու նպատակով օրենքը շրջանցողների նկատմամբ հսկողական լայնածավալ գործողություններ է իրականացնելու: Զանգվածային լրատվության որոշ միջոցներ կոմիտեի կողմից օրենքի շրջանակում տոնավաճառներում մեկնարկած ստուգայցերը մեկնաբանել են իբրև «տեռոր»:

Կառավարության շենքի դիմաց ցույցի դուրս եկած տոնավաճառների աշխատակիցները պահանջել են հանդիպում վարչապետի հետ:

Ցույցի առնչությամբ ՊԵԿ-ը հանդես է եկել պարզաբանմամբ, որտեղ ասվում է, թե ստուգայցերը ոչ թե պատժելու, այլ կանխարգելման նպատակ ունեն.

«Կոմիտեն ներկայացրել է ռիսկերն ու անհատական վերլուծությունների համակարգի հիման վրա կազմել յուրաքանչյուր ընկերության ստվերի անձնագիրը՝ բիզնեսին առաջարկելով ինքնակամ վերանայել հարկային վարքագիծը: Այդ ընթացքում կոմիտեն զերծ է մնացել պատժիչ միջոցառումից, ավելին՝ երկխոսության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ներգրավել է նաև հասարակական կազմակերպություններին»:

ՊԵԿ-ից հայտնում են, որ չնայած արձանագրված դրական արդյունքներին՝ այդուհանդերձ, կան որոշ տնտեսվարողներ, որոնք վարքագծի փոփոխման պատրաստակամություն չեն դրսևորել. «Նրանց նկատմամբ ՊԵԿ-ը, ինչպես նախապես տեղեկացրել էր, նախազգուշացումից անցնում է հսկողական գործողությունների՝ հասարակական կազմակերպություններին ևս առաջարկելով ներգրավվել աշխատանքներում: Տոնավաճառում գործունեություն իրականացնողները բիզնես շղթայի մասն են, որը պետք է օրենքի դաշտում գործի, որպեսզի չհարկվող շրջանառության դեմ հսկողությունը լիարժեք լինի: Ընդգծենք, որ կոմիտեի կողմից իրականացվող գործողություններն ուղղված են այն խոշոր տնտեսվարողների դեմ, որոնք օրենքը շրջանցելով քողարկվում են փոքրի դաշտում: Միջոցառումներն ուղղված չեն ՓՄՁ-ի դեմ, այլ նպատակաուղղված են տոնավաճառների կազմակերպիչների գործունեության կանոնակարգմանը:

Հստակ նկատելի է, որ առաջացած բողոքն ուղղորդված է: Անձնական շահերից ելնելով հրահրվող բողոքի դրսևորումներն ապարդյուն են լինելու. կոմիտեն վճռականորեն գնալու է մինչև վերջ: ՊԵԿ-ը դիտակետում է պահելու անբարեխիղճ տնտեսվարողներին՝ շարունակելով նախազգուշացնել հարկային պարտավորությունները պատշաճ կատարելու վերաբերյալ: Իրականացվելու է հասցեական հսկողություն՝ բոլորի համար հավասար մրցակցային միջավայր ապահովելու նպատակով: Միաժամանակ օրինապահ հարկ վճարողները կարող են վստահ լինել, որ կոմիտեն որևէ կերպ չի միջամտելու իրենց գործունեությանը»:

Կառավարության նոյեմբերի 18-ի նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, հանձնարարականներ տալով արդարադատության, ֆինանսների, ԱԻ, առողջապահության, ՏԶՆ, ՏԿՏՏ, ԿԳ, բնապահպանության, էներգետիկ ենթակառուցվածքների նախարարներին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, ՊԵԿ նախագահին, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, ասել էր, որ ՀՀ օրենքով նախատեսված տեսչական ստուգումներ իրականացնելիս, այդ թվում` նորաստեղծ Տեսչական մարմնի կողմից, պետք է առաջնորդվել տեսուչ-տնտեսվարող սուբյեկտ գործակցության սկզբունքով, որի արդյունքում տեսուչն առավելապես պետք է դիտարկվի ոչ թե որպես վերահսկող, այլ՝ աջակցող:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---