3 մայիսի 2017 - 16:01 AMT
ԵՄ-ն ՀՀ-ում «Թվինինգ» ծրագրին €810.000 է հատկացրել. Ներդրումային 11 նախագիծ կա

Երևանում անցկացվել է ԵՄ «Հայաստանում ներդրումների խթանման և ներդրումային քաղաքականության ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» Թվինինգ ծրագրի՝ օտարերկրյա ուղղակի ներդրումներին նվիրված համաժողով. ծրագիրը պաշտոնապես փակվել է:

Ծրագրի բյուջեն կազմել է 810. 000 եվրո, որն ամբողջությամբ ֆինանսավորվել է Եվրամիության կողմից։

Բիզնես Ֆրանսի աջակցությամբ՝ ՀԶՀ-ի կողմից Ֆրանսիայում անցկացված Հայաստանի ներդրումային միջավայրի քարոզարշավի արդյունքում Հայաստանի զարգացման հիմնադրամը սերտ կապեր է հաստատել 136 ընկերության հետ, ի հայտ է եկել 9 նոր հնարավորություն և 11 ներդրումային նախագիծ:

Ծրագիրն իրականացվել է Հայաստանում արտաքին ներդրումների խթանման քաղաքականությունը զարգացնելու և օտարերկրյա ուղղակի ներդրումների ավելացման միջոցով տնտեսական աճի, աշխատատեղերի ստեղծման՝ կառավարության (ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու Հայաստանի Զարգացման Հիմնադրամի) քայլերին աջակցելու նպատակով:

Համաժողովին օտարերկրյա ներդրող ընկերությունների, Եվրամիության Հայաստանի գրասենյակի, այլ միջազգային կառույցների ու մեր երկրի տնտեսական ոլորտի պատասխանատուները քննարկել են ներդրումային միջավայրը, հնարավորությունները, կառավարության աջակցության ծրագրերը:

Թվինինգ ծրագրի շրջանակում 16 ամսվա ընթացքում հայ մասնագետներին ներկայացվել է եվրոպական լավագույն փորձը. նախարարության և հիմնադրամի մասնագետներին եվրոպական 20 փորձագետներ փոխանցել են ներդրումների ներգրավման՝ Բիզնես Ֆրանսի կողմից ընդունելի արդյունավետ գործիքակազմը։

Շեշտը դրվել է դեպի Հայաստան ներդրումների խթանման, օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղ հիմնելու, նոր աշխատատեղերի ստեղծման ու տնտեսական զարգացման վրա։ Այս մոդելը կիրառում են աշխարհի առաջադեմ երկրների ներդրումների խթանման գործակալությունները։ Մասնավորապես. աշխատանքներ են տարվել ոլորտային ներդրումային ռազմավարության մշակման ուղղությամբ. այդ թվում՝ թիրախավորվել են ներդրումային ոլորտները, իրականացվել է համեմատական վերլուծություն այլ համադրելի երկրների հետ, SWOT վերլուծություն և այլն:

Նախապատրաստվել են Հայաստանի վերաբերյալ տեղեկատվական նյութեր, ստեղծվել է պոտենցիալ ներդրողների տվյալների շտեմարան:

Ծրագրի եվրոպական գործընկերն էր օտարերկրյա ներդրումների և արտահանման զարգացման ֆրանսիական պետական գործակալությունը՝ Բիզնես Ֆրանսը: Հայկական կողմից ներգրավված են եղել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն ու Հայաստանի զարգացման հիմնադրամը (ՀԶՀ)։