Ժիրայր Սեֆիլյանի դեմ քրգործն ուղարկվել է դատարան

Ժիրայր Սեֆիլյանի դեմ  քրգործն ուղարկվել է դատարան

PanARMENIAN.Net - «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Ըստ հաղորդագրության, ձեռք բերված փոխկապակցված ապացույցների բավարար համակցության հիման վրա զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության համար Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Գևորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու համար Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին, Հովհաննես Պետրոսյանին, Գալուստ Գրիգորյանին և Ներսես Պողոսյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Ժիրայր Սեֆիլյանը ռազմավարական նշանակություն ունեցող շենքեր, շինություններ զավթելու նպատակով 2015 թվականի նոյեմբերից ստեղծել և ղեկավարել է կազմակերպված զինված խումբ, որի կազմում գործող ենթախմբում ընդգրկվել են Սասունիկ Կիրակոսյանը, Հրայր Թոփչյանը, Հովհաննես Պետրոսյանը, Գալուստ Գրիգորյանը, Ներսես Պողոսյանը, Արթուր Մովսիսյանը և Սմբատ Գալոյանը:

Սեֆիլյանը նշված ենթախմբի անդամներին տրամադրել է հրազեն հանդիսացող «AK-74» տեսակի մարտական ակոսափող երկու ինքնաձիգ՝ ռազմամթերք հանդիսացող 120 մարտական փամփուշտով, որոնք բացահայտումից խուսափելու նպատակով ենթախմբի անդամները պարբերաբար տեղափոխել և պահել են տարբեր վայրերում՝ սպասելով գրոհի վերաբերյալ Ժիրայր Սեֆիլյանի հրահանգին:

Ապրիլյան պատերազմի ընթացքում բազմաթիվ զինծառայողների զոհվելու հանգամանքով պայմանավորված՝ ենթախմբի անդամները հրաժարվել են զինծառայողների կյանքի համար վտանգավոր բռնության գործադրմամբ զինված հարձակմանը մասնակցելուց, իսկ 2016 թվականի մայիսի 20-ին իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել են կազմակերպված խմբի անդամներին հատկացված հրազենն ու ռազմամթերքը, և Ժիրայր Սեֆիլյանի կամքից անկախ հանգամանքներով շենքերի, շինությունների զավթումն ավատին չի հասցվել:

Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է նաև, որ 2015 թվականի ապրիլի 24-ին Երևան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ 2014 թվականի մայիսից Ժիրայր Սեֆիլյանը Պավել Մանուկյանի, Գարեգին Չուգասզյանի, Վարուժան Ավետիսյանի և Գևորգ Սաֆարյանի հետ նախնական համաձայնությամբ հավաքագրել են անձանց խմբեր, նախապատրաստել են զանգվածային անկարգությունների, ձեռք են բերել և իրենց բնակարաններում, գրասենյակներում, տրանսպորտային միջոցներում պահել են մարմնական վնասվածքներ հասցնելու համար հարմարեցված շուրջ չորս տասնյակ մետաղյա ձողեր և փայտե մահակներ, կռփազենք, էլեկտրապարպիչներ:

Նշված հանցագործությունն ավարտին չի հասցվել հանցակիցների կամքից անկախ հանգամանքներով, քանի որ հանցագործության կատարմանն ուղղված գործողությունները բացահայտվել են իրավապահ մարմինների կողմից:

«Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդը ճաղերի հետևում է հայտնվել 2016-ի հունիսի 20-ին` զենքի ապօրինի շրջանառություն կազմակերպելու մեղադրանքով: Մոտ երկու ամիս առաջ քննչական մարմինը Սեֆիլյանի այս գործը միավորեց Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի, ինչպես նաև 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին զանգվածային անկարգություններ կազմակերպելու քրեական գործի հետ, որի շրջանակում Ժիրայր Սեֆիլյանը «Հիմնադիր խորհրդարան»-ի այլ անդամների հետ մի քանի ամսով կալանավորվել էր, ապա՝ ստորագրությամբ ազատ արձակվել։

Նա մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը զավթելու մտադրության մեջ, որի ընթացքում վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելն ու տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---