Երևանի «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատունը վերաբացվել է

Երևանի «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատունը վերաբացվել է

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատունը հիմնանորոգումից հետո վերաբացվել է: Այն ապահովվել է ժամանակակից բուժսարքավորումներով ու նոր գույքով, իսկ հիմնանորոգման ծրագրի շրջանակում էլ հնարավորություն է ընձեռվել ընդլայնել ծննդատանը մատուցվող բժշկական ծառայությունների ծավալն ու ստեղծել լրացուցիչ կաբինետներ:

«Քանաքեռ-Զեյթուն» ծննդատան տնօրեն Կարեն Կուտոյանի համոզմամբ՝ հիմնանորոգման արդյունքում ծննդատունը դարձել է մայրաքաղաքի ժամանակակից ու մրցունակ բժշկական կենտրոններից մեկը:

1958 թվականից գործող ծննդատունը, որը մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջանների մանկաբարձական և գինեկոլոգիական ծառայություններ մատուցող միակ բուժհաստատությունն է, երբևէ չէր հիմնանորոգվել ու վերջին տարիներին հայտնվել էր անմխիթար վիճակում: Բուժհաստատության սարքավորումների մեծ մասն էլ խորհրդային արտադրության էին, որոնք հնարավորություն չէին ընձեռում մատուցել ժամանակակից պահանջներին համապատասխան բուժօգնություն:

Հիվանդանոցի վերաբացմանը մասնակցել է նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Շնորհավորելով ծննդատան բուժանձնակազմին` նա վստահեցրել է, որ մայրաքաղաքի բուժհաստատությունների պայմանների բարելավմանն ուղղված ծրագրերը կլինեն շարունական:

«Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներն ու բժշկական կենտրոնները շարունակելու են մնալ մեր հատուկ ուշադրության կենտրոնում»,- ընդգծել է Մարգարյանը:

2016 թվականին Տարոն Մարգարյանը, ծանոթանալով ծննդատան անմխիթար պայմաններին, պատասխանատուներին հանձանարարել էր բուժհաստատության հիմնանորոգման աշխատանքներն ընդգրկել Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրում և հնարավորին սեղմ ժամկետում այն ավարտել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---