Երջանիկ կյանքի նոր «բաղադրատոմսում» սուրճ կա, կծու պղպեղ ու ծաղկակաղամբ

Երջանիկ կյանքի նոր «բաղադրատոմսում» սուրճ կա, կծու պղպեղ ու ծաղկակաղամբ

PanARMENIAN.Net - Եթե ցանկանում եք երկար ապրել և չհիվանդանալ, աշխատեք համեմել ուտեստները կծու պղպեղով, կարտոֆիլը փոխարինեք ծաղկակաղամբով, և առանց վախենալու սուրճ խմեք, գրում է «Նաուկա ի ժիզն» ամսագիրը:

Նշվում է, որ բժշկական վիճակագրության ժամանակակից մեթոդները թույլ են տալիս գնահատել ամենատարբեր գործոնների ազդեցությունը մեր առողջության վրա:

Համեմատելով տասնյակ ֆիզիոլոգիական, կենսաքիմիական և այլ պարամետրեր հարյուր հազարավոր մարդկանց օրինակով, մենք հաճախ ստիպված ենք լինում վերանայել մեր տեսակետը կամ մեր կենսակերպի սովորույթները:

Վերջին օրերին մի քանի վիճակագրական բացահայտում է հրապարակվել առողջ սննդի թեմայով: Շատերը գիտեն, որ սուրճը խթանում է ուղեղի ակտիվությունը, սակայն շատերը նաև կարծում են, թե սուրճը վատ է ազդում սրտի վրա:

BioMed Central-ում հրապարակված հոդվածի հեղինակները համամիտ չեն դրան: Սյուզաննա Լարսոնը և նրա գործընկերները Կարոլինայի համալսարանից ոչ մի կապ օրվա մեջ խմած սուրճի և առիթմիայի հավանականության միջև չեն հայտնաբերել: Աշխատությունը հիմնված է 12 տարվա ընթացքում հավաքված ավելի քան 75.000 մարդու տվյալների մշակման վրա: Գիտնականները նշում են, որ իրենց արդյունքները համադրվում են այլ հոդվածներում հրապարակված տվյալների հետ:

Հավանաբար, սրտի վրա սուրճի բացասական ազդեցությունը խիստ չափազանցված է: 3 տարի առաջ արդեն գրվել է, որ սուրճը ոչ միայն վնասակար չէ, այլ նաև օգտակար է, քանի որ նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Որքան շատ ենք սուրճ խմում, այնքան երկար ենք ապրում:

Երկարակեցությանը կարող է նպաստել նաև կծու պղպեղը: 500.000 չինացիների շրջանում 7 տարվա ընթացքում վաղաժամ մահ ավելի հազվադեպ է գրանցվել այն մարդկանց մոտ, ովքեր առնվազն շաբաթական մեկ անգամ կծու պղպեղ են օգտագործել: Խոսքը ոչ միայն բուն պղպեղի մասին է, այլ նաև այն սննդի, որի մեջ պղպեղն ավելացվել է որպես համեմունք: Մանրմասն այդ մասին ասվում է British Medical Journal-ի հոդվածում: Ինչպես հայտնի է, պղպեղի կծվությունը պայմանավորված է կապսաիցինով, որն, ըստ որոշ տվյալների, նվազեցնում է արյան ճնշումը և ոչնչացնում է չարորակ բջիջները:

Երկար և երջանիկ կյանք կարելի է ունենալ պահպանելով քաշը նորմայի սահմաններում՝ ճարպակալումը, ավելորդ քաշը սովորաբար ուղեկցվում են նյութափոխանակման լուրջ խախտումներով, ինչը կարող է սրտանոթային հիվանդությունների և շաքարախտի պատճառ դառնալ: Խորհուրդ է տրվում է ավելի շատ միրգ ու բանջարեղեն օգտագործել:

Սակայն ամեն բանջարեղեն չէ, որ այդքան օգտակար է: Հարվարդի համալսարանի, Բոստոնի Բեթ Իսրայել բուժկենտրոնի և Բոստոնի մանկական հիվանդանոցի աշխատակիցները PLOS Medicine-ում գրում են, որ բուսական սնունդից առողջ սննդակարգի համար նախապատվությունը պետք է տալ այն տեսակներին, որոնք քիչ են կրախմալ պարունակում: Վերլուծվել է ավելի քան 20 տարվա ընթացքում հավաքված 130.000 մարդու տվյալ:

Ըստ վիճակագրության, եգիպտացորենը, ոլոռը կամ կարտոֆիլը նպաստում են քաշի ավելացմանը, քանի որ շատ օսլա են պարունակում, որը նպատում է շաքարի բարձրացմանը արյան մեջ: Ուստի ավելի լավ է կարտոֆիլի տեղ ծաղկակաղամբ օգտագործել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---