«Թումո-բանակ» ծրագիրը Ստեփանակերտում մեկնարկել է

«Թումո-բանակ» ծրագիրը Ստեփանակերտում մեկնարկել է

PanARMENIAN.Net - Ստեփանակերտի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում Արցախում «Թումո-բանակ» ծրագրի պաշտոնական մեկնարկն է տրվել:

Բացմանը ներկա է գտնվել աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 8-ին հայկական երկու հանրապետության պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների ուղեկցությամբ:

Կրթական այս ծրագրին մասնակցում են Ստեփանակերտի մոտակա զորամասերի 200-ից ավելի ժամկետային զինծառայող:

ՀՀ պաշտպանության նախարարության և «Սիմոնյան» կրթական հիմնադրամի համատեղ այս նախաձեռնությունն իրականացվում է փետրվարից. «Թումո-բանակը» մեկնարկել է Դիլիջանի «ԹՈՒՄՈ» կենտրոնում, որտեղ զինվորներն արդեն հաղթահարել են կրթական ծրագրով նախատեսված շարունակական ուսուցման առաջին փուլը:

Ծրագիրը, պատասխանատուների հավաստմամբ, հայկական բանակի զինծառայողներին հնարավորություն կտա յուրահատուկ կրթական միջավայրում ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ, որոնք կբարձրացնեն նրանց մրցունակությունը թե՛ ծառայության ընթացքում, թե՛ զորացրվելուց հետո։

Հանրապետության նախագահը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել նախագծի իրականացման ընթացքին և կրթական այս նախաձեռնության զարգացման հետագա ծրագրերին, զրուցել զինծառայողների և կենտրոնի աշխատակիցների հետ, մաղթել հաջողություններ կարևոր այս ծրագրի իրականացմանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---