ՄԱԿ. ՀՀ-ում կանայք միջինում տղամարդկանց 66%-ից քիչ են վաստակում

ՄԱԿ. ՀՀ-ում կանայք միջինում տղամարդկանց 66%-ից քիչ են վաստակում

PanARMENIAN.Net - Հայաստանում տնտեսապես ակտիվ կանանց 40 տոկոսից ավելին ներգրավված են գյուղատնտեսության ոլորտում՝ ի հակադրություն տղամարդկանց 30 տոկոսի։ Այս կանանց ճնշող մեծամասնությունը պաշտոնապես չգրանցված աշխատողներ են իրենց ընտանեկան տնտեսություններում, ինչն էլ համաձայն ՄԱԿ-ի հրապարակած զեկույցի, մի շարք կարևոր հետևանքներ ունի գյուղական ապրելակերպի և բարեկեցության վրա։

Նշվում է, որ Հայաստանում կանայք միջինում վաստակում են ավելի քիչ, քան տղամարդկանց 66 տոկոսը և չգրանցված աշխատող լինելու պատճառով չեն օգտվում սոցիալական ապահովության փաթեթներից։ Կնոջ դերի և պարտականությունների մասին առկա կարծրատիպերը խոչընդոտում են նրանց օգտվել իրենց իրավունքներից։

«Հայաստանը նախևառաջ գյուղատնտեսական երկիր է, և գյուղատնտեսությունը, ներառյալ վերամշակման գործարանները, հանդիսանում են տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը։ Կանանց ներգրավվածությունը գյուղատնտեսության ոլորտում չափազանց կարևոր է, քանի որ նրանք մեծապես նպաստում են ոլորտի զարգացմանը։

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հրապարակած զեկույցը դիտարկում է գյուղատնտեսության ոլորտում գոյություն ունեցող գենդերային անհավասարության դեպքերը, նրանց պատճառները և ազդեցությունը գյուղական համայնքների տնտեսական և սոցիալական զարգացման, պարենային անվտանգության և սննուցման վրա։ Հաշվետվությունն ուսումնասիրում է առկա իրավիճակը և առաջարկում լուծումներ այն ոլորտներում, որտեղ ՊԳԿ-ն անդամ երկրներում տրամադրում է աջակցություն», - ասված է զեկույցում։

Շատ դեպքերում, օրինակ հողակտորը ձևակերպված չէ իրենց անունով, ինչի արդյունքում նրանք հավասար իրավունքներ չունեն հողակտորի և այլ ռեսուրսների նկատմամբ, ինպիսիք են, օրինակ՝ վարկը, սարքավորումները։ Արդյունքում նրանց տնտեսական հնարավորությունները սահմանափակ են դառնում:

Փորձագետները համաձայն են, որ Հայաստանում գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման համար անհրաժեշտ է ընդունել համապարփակ քաղաքական որոշումներ մի շարք ուղղություններով՝ բավարար ուշադրություն դարձնելով գենդերային անհավասարությանը և գյուղական կանանց հզորացմանը։

1994թ․ին Հայաստանը վավերացրել է ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիան» (CEDAW), որի 14-րդ հոդվածն ուղղակիորեն և բացառապես անդրադառնում է գյուղական կանանց։ Կոնվենցիան վավերացնելով՝ երկրները պարտավորվում են ձեռք առնել համապատասխան միջոցներ՝ ապահովելու գյուղական կանանց մասնակցությունը գյուղատնտեսության զարգացմանը։

Այս միջազգային նորմերին և չափանիշներին համապատասխանելու և կայուն զարգացման ոլորտում վերջերս ստանձնած պարտավորությունները կատարելու համար՝ Հայաստանը ներկայացրել է կոնվենցիայի կիրառման մի շարք ազգային մեխանիզմներ և ընդունել է գնեդերային հավասարությունը խրախուսող օրենքներ և կանոնակարգեր։

Ջինա Սարգիսովան, ով հանդիսանում է այս զեկույցի հեղինակներից մեկը, նշում է, որ այս հաշվետվությունը «թիմային աշխատանքի արդյունք է, որտեղ ուսումնասիրել ենք արդեն առկա տվյալները և միավորել դաշտային ուսումնասիրության և հարցազրույցների ընթացքում հավաքագրված առաջնային տեղեկատվության հետ»։

Զեկույցը ներառում է եզրակացություններ և ծրագրերի պլանավորման և մշակման վերաբերյալ առաջարկություններ, որոնք օգտակար կլինեն քաղաքականության մշակման համար պատասխանատու մարմիններին։ Զեկույցը հասանելի է առցանց անգլերեն և հայերեն լեզուներով։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---