ՊԲ հրամանատար. ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին ներկայացնելու ենք հակառակորդի բոլոր խախտումները

ՊԲ հրամանատար. ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին ներկայացնելու ենք  հակառակորդի բոլոր խախտումները

PanARMENIAN.Net - Ադրբեջանը միշտ էլ աշխատել է, որպեսզի լարվածությունն առաջնագծում պահպանվի, աշխատել է վնասներ հասցնել հայկական կողմին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը՝ հավելելով. «Մենք էլ ամեն ինչ անելու ենք, որպեսզի համարժեք պատասխան տանք, և անհրաժեշտության դեպքում, նպատակահարմարությունից ելնելով վերջնական հակահարված տանք»:

Նրա խոսքերով՝ հունիսի 10-ին նախատեսվում է ԵԱՀԿ համանախագահների այց Արցախ, գրում է Panorama.am-ը:

«Մենք ներկայացնելու ենք այն իրավիճակը, որն ունենք այսօր, ներկայացնելու ենք իրենց վերջին այցից մինչև հունիսի 10-ը հակառակորդի կողմից թույլ տված բոլոր խախտումները և մեր կողմից տրված պատասխանները: Ինչ վերաբերում է հետաքննության մեխանիզմների ներդրմանը, ապա հայկական կողմը միշտ էլ կողմնակից է եղել նման մեխանիզմների ներդրմանը: Այստեղ ադրբեջանական կողմն է, որ ամեն առիթով աշխատել է, որպեսզի խոչընդոտի: Բայց կարելի է ասել, այդ մեխանիզմները մեր կողմից ներդրվում է ու անհրաժեշտության դեպքում կօգտագործենք»,- ասել է Մնացականյանը և հավելել, որ համանախագահներն էլ են կողմնակից նման մեխանիզմների ներդրմանը:

ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը ՌԴ-ից, Ստեֆան Վիսկոնտին Ֆրանսիայից ու Ռիչարդ Հոգլանդն ԱՄՆ-ից մայիսի 19-ին հայտարարություն են տարածել վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի սրման վերաբերյալ՝ առաջին անգամ հասցեական քննադատություն հնչեցնելով հրադադարի ռեժիմը խախտող ու սադրանքների դիմող Ադրբեջանի հասցեին. «Տարբեր վստահելի աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն, մայիսի 15-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի ուղղությամբ հրթիռ է արձակել՝ հարվածելով ռազմական տեխնիկային»:

Անդրադառնալով իրադրությանն առաջնագծում, հրամանատարն ասել է, որ շփման գծում իրավիճակը գնահատվում է կայուն լարված, դեռևս չեն դիտվում զարգացման միտումներ:

Ըստ նրա՝ նախորդ ամիսների համեմատ կա լարվածության որոշակի նվազում, չնայած ժամանակ առ ժամանակ լարվածության աճ նկատվում է, ինչը երկար չի տևում:

«Եթե համեմատենք ապրիլյան գործողություններից հետո իրավիճակի հետ, ապա բոլոր առումներով մի քանի անգամ լարվածությունը նվազել է: Կարելի է ասել, որ դիվերսիոն հետախուզական խմբերի գործողությունները բացառվել են, դրանք արդեն չկան, վերջնակետը եղել են փետրվարյան դեպքերը: Ինչ վերաբերում է տարբեր տրամաչափերի զենքերի կրակոցներին և խախտումներին, դրանք ևս մի քանի անգամ նվազել են: Համեմատած նախորդ տարվա հետ, 2017 թվականին խախտումների քանակը մի քանի անգամ քիչ է»,- ասել է Լևոն Մնացականյանը:

ՊԲ հրամանատարը նաև նշել է, որ հակառակորդի կրակոցները կրել են որակական տարբերություն. «Մեր կողմից տրվել են նպատակային այնպիսի պատասխաններ, որ փորձ չձեռնարկեն հետագայում հարվածներ հասցնել: Աշխատել ենք այնպիսի հարված հասցնել, որ վնասը մի քանի անգամ ավելին է, քան՝ մեզ պատճառվածը»։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---