Սիրիա առաքված օգնության մի մասը տեղափոխվել է Դամասկոս

Սիրիա առաքված օգնության մի մասը տեղափոխվել է Դամասկոս

PanARMENIAN.Net - Սիրիա առաքված մարդասիրական օգնության հերթական խմբաքանակի մի մասը հունիսի 9-ին տեղափոխվել է մայրաքաղաք Դամասկոս:

Սիրիայի հակամարտությունից տուժած բնակիչների համար նախատեսված մարդասիրական օգնությունը` հիմնականում հագուստ և սննդամթերք, բեռնաթափվել է Դամասկոսի թեմի Սուրբ Սարգիս հայկական առաջնորդանիստ եկեղեցու տարածքում: ՀՀ ՊՆ հաղորդմամբ, Սիրիայում ՀՀ դեսպանության և համայնքի ներկայացուցիչների ջանքերով կկազմակերպվի մարդասիրական օգնության բաշխման գործընթացը:

Մարդասիրական օգնությունն ուղեկցելու և տեղում բաշխման գործընթացը կազմակերպելու նպատակով Սիրիայում գտնվող ՀՀ պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչները հանդիպել են արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանի և Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Դեսպանը նշել է, որ սիրիահայ համայնքը կայացած, ավանդական համայնք է, իր բազմաբնույթ հաստատություններով: Սիրիահայերը երկրում լավ համբավ, ճանաչում և հեղինակություն ունեն:

«ՀՀ նախագահի հանձնարարությամբ իրականացվող մարդասիրական օգնության նախաձեռնությունն էլ ավելի է ամրապնդում հայերի համբավն ու խթանում հայ-սիրիական եղբայրական հարաբերությունների զարգացումը», - փաստել է դիվանագետը:

Առաջիկա օրերին մարդասիրական օգնության մնացած մասը Սիրիայում Հայաստանի դեսպանության և ՌԴ Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի համատեղ ջանքերով, կտեղափոխվի Հալեպ, Քեսաբ և այլ քաղաքներ:

ՀՀ նախագահի հանձնարարությամբ, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հունիսի 7-ին Սիրիա է առաքվել հակամարտությունից տուժած բնակիչների համար նախատեսված մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը:Այն ներառում է շուրջ 18 տոննա առաջին անհրաժեշտության պարագաներ՝ հիմնականում սննդամթերք:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---