Թեհրանը դեմ է Իրաքյան Քրդստանի անկախացմանը

Թեհրանը դեմ է Իրաքյան Քրդստանի անկախացմանը

PanARMENIAN.Net - Թեհրանը հանդես է գալի միասնական Իրաքի օգտին, Իրաքյան Քրդստանի տարածաշրջանն այդ երկրի անբաժան մասն է: Այսպիսի հայտարարություն է արել Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրան Քասեմին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իրաքյան Քրդստանի իշխանությունները մտադիր են անկախության մասին հանրաքվե անցկացնել սեպտեմբերի 25-ին:

Թեհրանը Բաղդադի առանցքային գործընկերներից մեկն է համարվում:

«Կայուն և ժողովրդավար միասնական Իրաքը բոլոր իրաքցիների իրավունքների երաշխավորն է: Քրդստանն իրաքյան տարածքի անբաժան մասն է և Իրանը սատարում է Իրաքի միասնությանը»,-հայտարարել է Քասեմին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաև Բաղդադի մյուս գործընկերը՝ Վաշինգտոնը: ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ երկրի իշխանությունները կողմ են միասնական ու կայուն Իրաքի, իսկ հանրաքվեի անցկացումը Քրդստանում կշեղի ուշադրությունը ԻՊ դեմ պայքարից:

Թուրքիայի ԱԳՆ-ն իր հերթին հայտարարել էր, որ Իրաքի քրդական ինքնանվարության իշխանությունների որոշումը անկախության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին, սարսափելի սխալ է: «Իրաքի քրդական ինքնավարության անկախացման մասին հանրաքվե անցկացնելու որոշումը համարում ենք սարսափելի սխալ: Իրաքի տարածքային ամբողջականության և քաղաքական միասնության պահպանումն այդ երկրի հանդեպ թուրքական քաղաքականության հիմնարար սկզբունքն է: Դա տարածաշրջանում կայունության, խաղաղության և անվտանգության պահպանման գլխավոր պայմանն է»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին մարտին ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպմանը հայտնել էր, որ հանրաքվեն ԻՔ անկախության մասին կանցկացվի մոտ ապագայում:

Ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանին ավելի վաղ հայտարարել էր, որ Իրաքյան Քրդստանը վաղ թե ուշ հանրաքվե կանցկացնի անկախության մասին նույնիսկ առանց Բաղդադի հավանության: «Հանրաքվեն մեր ազգային իրավունքն է: Չեմ կարծում, որ Բաղդադը կարգելափակի ժողովրդի այդ իրավունքը, իսկ եթե անի, մեզ միևնույն է դա չի կանգնեցնի»,-ասել էր նա:

Իրաքյան Քրդստանն, անտեսելով Արևմուտքի հորդորները, վերջին շրջանում բազմիցս է խոսել անկախության հանրաքվե անցկացնելու մտադրության մասին: Նման հնարավորության մասին Բարզանին հայտարարել էր դեռևս 2014-ի հուլիսի 1-ին: Մեկ տարի անց նա հայտարարեց, որ հանրաքվեն կանցկացվի ԻՊ դեմ մարտական գործողությունների հաջող ավարտից հետո:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---