Երևանում «Նոյ» ազգագրական թաղամաս կկառուցվի

Երևանում «Նոյ» ազգագրական թաղամաս կկառուցվի

PanARMENIAN.Net - Երևանում՝ «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ, կկառուցվի «Նոյ» ազգագրական թաղամաս: Այս մասին հունիսի 16-ին լրագրողների հետ զրույցում ասել է Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը։

«Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ իրականացվելու է «Հայկական գյուղ» կոչվող ծրագիրը։ Այն իրենից ներկայացնելու է 2-3 հարկանի շենքերի կառուցում՝ ներքին բակերով», - ասել է Նարեկ Սարգսյանը, գրում է Aysor.am-ը:

Նրա խոսքով՝ թաղամասում ներկայացվելու է Հայաստանի տարբեր շրջանների ճարտարապետությունը։

Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ 1-1.5 ամսվա ընթացքում կսկսվի «Հին Երևան» նախագծի Տերյան փողոցի ստորգետնյա հատվածի շինարարությունը։

«Նախագիծն ընդգրկում է մինչև Մաշտոցի պուրակ ընկած հատվածը և արդեն իրացված է տարածքի 70%-ը, մյուս 30%-ի իրացումն ընթացքի մեջ է», - ասել է բանախոսը՝ նշելով՝ հենց դրանով է պայմանավորված, որ շինարարությունն ընթանում է լոկալ հատվածներում։

2016-ի տարեվերջյան ասուլիսում քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը տեղեկացրել էր, որ «Հին Երևան» ծրագրի իրացան աշխատանքներն ակտիվ փուլում են, արդեն տարածքի 20 տոկոսի չափով շինարարական աշխատանքներ են սկսվել:

«Իրացման գործընթացն առաջ է գնում, ուղղակի աչքով տեսանելի չէ: Փետրվար-մարտ ամիսներին արդեն մեխանիզմներ կմտցվեն, կսկսեն մաքրել այդ հատվածը: Նախագծային մասի վրա ճարտարապետներն աշխատում են ներդրողների հետ, հավանաբար ամբողջապես կավարտեն ապրիլ-մայիսին: 2017-ի առաջին կիսամյակը կլինի բեկումնային և տեսանելի»,- նշել է նա՝ ընդգծելով, որ «Հին Երևան» ծրագրում ամբողջապես վերակառուցվելու է Աֆրիկյանների շենքը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---