Փաշինյան. «Շատ վատ է, որ 24 ժամ հետո ոստիկանությունը չի կարող ասել՝ միջադեպ եղել է, թե՝ ոչ»

Փաշինյան. «Շատ վատ է, որ 24 ժամ հետո ոստիկանությունը չի կարող ասել՝ միջադեպ եղել է, թե՝ ոչ»

PanARMENIAN.Net - ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մեկնաբանելով փոխոստիկանապետ Անուբախ Համբարյանի հայտարարությանը, թե ոստիկանությունը չի կարող ասել՝ «Սասնա ծռեր» խմբի անդամների նկատմամբ ծեծի գործով միջադեպ եղել է, թե՝ ոչ, ասել է. «Չեք կարծո՞ւմ, որ շատ վատ է, որ ոստիկանությունը դեպքի հանրային ահազանգից 24 ժամ հետո դեռ չի կարող նույնիսկ ասել՝ միջադեպ եղել է, թե՝ ոչ»:

Պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին ի պատասխան Անուբախ Համբարյանն հունիսի 30-ին ասել էր. «Մենք չենք կարող ասել՝ միջադեպ եղել է, թե՝ ոչ, իհարկե, ահազանգ եղել է»:

Նիկոլ Փաշինյանը փոխոստիկանապետին տեղեկացրել է, որ հունիսի 29-ին եղել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, որի վարչակազմն իրեն հավաստիացրել է, որ Արայիկ Խանդոյանը եւ Արեգ Կյուրեղյանը դատավարությունից վերադարձել են ՔԿՀ, այդ ընթացքում մշտապես եղել են ոստիկանության ուղեկցող գումարտակի հսկողության տակ, սակայն նրանց վրա կան մարմնական վնասվածքներ:

«Այսինքն՝ նրանք առանց մարմնական վնասվածքների դուրս են եկել քրեակատարողական հիմնարկներից, մարմնական վնասվածքներով վերադարձել են՝ այդ ամբողջ ընթացքում լինելով ոստիկանության ուղեկցող գումարտակի հսկողության տակ: Այս փաստը ձեզ ինչ-որ բան ասո՞ւմ է, գոնե կարո՞ղ ենք կռահել՝ միջադեպ եղել է, թե՝ ոչ»,- հարցրել է Նիկոլ Փաշինյանը, գրում է Armtimes.com-ը:

Փոխոստիկանապետը պատասխանելով «Սասնա ծռեր» խմբի անդամների վերաբերյալ հարցին, ասել է, որ ահազանգը դեռ չի նշանակում, որ հանցագործություն է տեղի ունեցել: «Իհարկե, մենք գրանցել ենք, զբաղվում ենք, կլինի հանցագործություն, կհաստատվի՝ կպատժվեն: Մենք ունենք ահազանգ, որով զբաղվում ենք, նշանակվել է ծառայողական քննություն», - ասել է Համբարյանը:

Հունիսի 28-ին Ավան և Նոր Նորքի դատարանում՝ նկուղային հարկում, ծեծի է ենթարկվել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը. աչքերի տակ սևացած է, կան նաև այլ կապտուկներ: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել պաշտպան Արայիկ Պապիկյանը՝ տեղեկացնելով, որ պաշտպան Արա Ղարագյոզյանը ավելի ուշ տեսակցել է Արայիկ Խանդոյանին:

«Արայիկ Խանդոյանին հասցված վնասվածքները՝ վնասել են աջ աչքի շրջակայկքը, հարվածներ են հասցրել գլխին, հարվածներ են հասցրել երիկամներին;երկու ոտքերի վրա առկա են արյունազեղման հետքեր և կապտուկներ»,- գրել է Պապիկյանը:

Կարդացեք նաև՝Ոստիկանություն. «Սասնա ծռերի» առանձին անդամների հանդեպ բռնության լուրերը հերյուրանք են

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---