ՀՀ ԱՆ. E-draft.am-ը քաղաքացիներին թույլ կտա մասնակցել օրինագծերի ստեղծմանը

ՀՀ ԱՆ. E-draft.am-ը քաղաքացիներին թույլ կտա մասնակցել օրինագծերի ստեղծմանը

PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը քաղաքացիական հասարակության մոտ մեկ տասնյակ ներկայացուցչին է ներկայացրել նախարարության գործարկած իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքի՝ www.e-draft.am-ի հնարավորությունները:

Քրմոյանը նշել է, որ էլեկտրոնային հարթակի գործիքակազմը հնարավորություն է տալիս քաղաքացիներին անմիջական մասնակիցը դառնալու օրինաստեղծ գործունեությանը:

Նախարարի տեղակալն ընդգծել է, որ այս հարթակում տեղադրված իրավական ակտերի նախագծերը նվազագույնը 15 օր մնում են հանրային քննարկման և դրանց վերաբերյալ շահագրգիռ քաղաքացիների ներկայացրած առաջարկները որևէ կերպ ենթակա չեն խմբագրման կամ փոփոխման:

Նախարարի տեղակալն ընդգծել է, որ ներկայում կատարվել են համապատասխան փոփոխություններ, համաձայն որոնց, որևէ նախարարության կողմից մշակված իրավական ակտի նախագիծ կարող է ՀՀ կառավարության կողմից չընդունվել և հետ վերադարձվել՝ www.e-draft.am կայքում հանրային քննարկման ներկայացված չլինելու պատճառաբանությամբ:

Նախարարի տեղակալը հորդորել է քաղհասարակության ներկայացուցիչներին գրանցվել www.e-draft.am կայքում, օգտվել էլեկտրոնային ժողովրդավարության ընձեռած այս գործիքակազմից և ակտիվորեն ներգրավվել հետաքրքրություն ներկայացնող այս կամ այն ոլորտային օրենսդրության մշակման գործընթացում:

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրվում են ՀՀ գերատեսչությունների կողմից մշակվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը: Միասնական կայքի ներդրմամբ ստեղծվել է առցանց հարթակ, որը ապահովում է գերատեսչությունների կողմից իրավական ակտերի նախագծերը հանրությանը ներկայացնելու, առցանց տարբերակով հանրային քննարկումներ կազմակերպելու հնարավորությունը, արդյունքում նաև՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ակտիվ մասնակցությունը իրականացվող օրինաստեղծ աշխատանքներին:

Կայքը հնարավորություն է ընձեռում ծանոթանալ տեղադրված նախագծերին, որոնել նախագծեր, հետևել դրանց հետագա ընթացքին. ծանոթանալ ներկայացված առաջարկություններին, իսկ կայքում գրանցվելու դեպքում նաև ներկայացնել առաջարկություններ, ծանոթանալ նախագծերի վերաբերյալ առաջարկությունների ամփոփաթերթին, ընդունված առաջարկություններին կամ դրանք չընդունելու հիմնավորումներին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---