Գլխավոր դատախազն ԱԺ-ում ներկայացրել է «Հաց բերողի» կալանավորման և մահվան հանգամանքները

Գլխավոր դատախազն ԱԺ-ում ներկայացրել է «Հաց բերողի» կալանավորման և մահվան հանգամանքները

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նիստին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անդրադարձել է «Հաց բերող» Արթուր Սարգսյանի կալանավորման և մահվան հանգամանքների վերաբերյալ հնչած գնահատականներին։

«Նախ՝ կոռեկտ չեմ համարում Սարգսյանի մահվան շահարկումը։ Իսկ օրենքի տեսակետից թույլտարելի է այս հարթակում այդ հարցի քննարկումը՝ նկատի ունենալով, որ այդ փաստով քննում է քրեական գործ», -ասել է նա, գրում է Hetq.am-ը:

Դատախազն անդրադարձել է Արթուր Սարգսյանի կրկնակի կալանավորմանը՝ նշելով, որ խափանման միջոցը փոխվել է ոչ թե միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության արդյունքներով, այլ բժշկական կարծիքի հիման վրա։

Գլխավոր դատախազ Դավթյանի փոխանցմամբ՝ այդ արդյունքները հնարավորություն են տվել իրենց եզրակացնելու, թե քիչ հավանական էր, որ նման առողջական վիճակով Արթուր Սարգսյանը պատշաճ վարքագիծ չդրսևորեր:

Դրանից հետո, ընթացակարգերը պահպանելու համար, նշանակվել է միջգերատեսչական հանձնաժողովի փորձաքննություն, հայտնել է Դավթյանը:

«Ստացել ենք եզրակացությունը, որի պարզ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ կա ներքին հակասություն, որ այդ եզրակացության հետևություններում համապատասխան հիվանդության նկարագրությունը լիարժեքորեն չէր համապաստախանում կառավարության որոշմամբ սահմանված համապատասխան հիվանդությանը։ Բնականաբար, վարույթն իրականացնող մարմինը շատ իրավաչափ նշանակեց կրկնակի դատաբժշկական փորձաքննություն»,- մանրամասնել է Արթուր Դավթյանը:

Գլխավոր դատախազի փոխանցմամբ՝ այդ փորձաքննությունում հստակեցվել է նախորդ եզրակացության բացերը, ինչպես նաև առավել համակողմանի հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ, չնայած Սարգսյանը տառապում էր այդ հիվանդություններով, բայց դրանք ամբողջապես չեն համապատասխանել կառավարության որոշմամբ սահմանված կալանքի հետ անհամատեղելի հիվանդության նկարագրին։

«Ուզում եմ շեշտադրեմ ամենակարևորը. ոչ թե այս մասնագիտական եզրակացությունները հիմք հանդիսացան Արթուր Սարգսյանի կրկնակի՝ երկրորդ անգամ կալանավորմանը, այլ դատավարական օրենքի հստակ պահանջը», - նշել է Դավթյանը:

Գլխավոր դատախազը նաև շեշտել է, որ Արթուր Սարգսյանը խախտել էր իր նկատմամբ ընտրված խափանման միջոցի պայմանները։ Մասնավորապես, պատշաճ ծանուցված լինելով՝ չէր ներկայացել վարույթն իրականացնող մարմին, խոչընդոտել էր ծանուցագիրը՝ օրենքով նախատեսված անձանց հանձնելու գործընթացին:

«Բացի այդ, գործով տվյալներ էինք ստացել նաև Սարգսյանի կողմից նոր հանցագործություն կատարելու բարձր հավանականության վերաբերյալ»,- ասաց գլխավոր դատախազը։

Արթուր Դավթյանի հաղորդմամբ՝ ազատ արձակվելուց հինգ օր անց Արթուր Սարգսյանը, առանց բժիշկների թույլտվության, դուրս է եկել հիվանդանոցից, որից հետո այլ հիվանդությամբ, որը, ըստ դատախազի, կալանքի ընտրության հետ որևէ կապ չի ունեցել, ուղղակի ցուցումով ենթարկվել է վիրահատության։ Իսկ շարունակության մասին դատազախը չի խոսել՝ հաշվի առնելով հարուցված քրեական գործը։

49-ամյա Սարգսյանը մահացել է հունվարի 16-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: «Արմենիա» ԲԿ վիրաբուժական գծով տնօրեն Արսեն Գրիգորյանն ասել էր, որ բժիշկներն արել են հնարավորը՝ «Հաց բերողի» կյանքը փրկելու համար։

Դրանից առաջ Սարգսյանը 25 օր հացադուլի մեջ էր «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: Մարտի 6-ին նա ազատ էր արձակվել. ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ ընդունվել էր 27 պատգամավորի կողմից երաշխավորությունը և Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել էր:

Արթուր Սարգսյանը 2016-ի հուլիսի 26-ին՝ ճեղքելով ոստիկանական պատնեշները սեփական մեքենայով սնունդ էր հացրել ՊՊԾ գնդի զավթած տարածք և միացել «Սասնա ծռերին»: 2017-ի փետրվարի 9-ին դատարանը որոշել է կրկին փոխել Արթուր Սարգսյանի խափանման միջոցը՝ երկու ամսով կալանավորելով նրան: Նա այժմ մեղադրվում է զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ: Մինչև այդ Սարգսյանը մեղադրվում էր պատանդ վերցնելու, շենք, շինություններ զավթելու և ապօրինի զենք կրելու համար, ինչպես և խմբի մյուս անդամները։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---