Հնդկացորենի վերամշակման փորձնական ծրագիր. Մարզերում 2 գործարան է բացվել

Հնդկացորենի վերամշակման փորձնական ծրագիր. Մարզերում 2 գործարան է բացվել

PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հրավիրել է խորհրդակցություն՝ Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD) ծրագրի պատասխանատուների և շահառուների մասնակցությամբ հնդկացորենի արտադրության փորձնական ծրագրին առնչվող հարցեր քննարկելու նպատակով: Ծրագրի շրջանակում մինչ օրս բացվել է հնդկացորենի վերամշակման 2 գործարան՝ Շիրակի և Գեղարքունիքի մարզերում:

Շիրակի մարզի Բավրա համայնքում հուլիսի 14-ի բացվել է «Նոր հատիկ» հնդկացորենի վերամշակման գործարանը: Տեղացիները համոզված են, որ Հայաստանի և Վրաստանի սահմանային հատման կետ հանդիսացող Բավրան շուտով հայտնի է դառնալու իր արտադրանքով՝ բարձրորակ հնդկաձավարով: Բավրայի գործարանը համախմբում է 28 կոոպերատիվ Շիրակի, Լոռու եւ Արագածոտնի մարզերից, իսկ գործարանում աշխատում է դեռ երեք մասնագետ, թեպետ ըստ տնօրենի՝ Կորյուն Սումբուլյանի, առաջիկայում աշխատակիցների թիվն աճելու է:

Չգազիֆիկացված Բավրայում հնդկաձավարի կեղևն այրելու միջոցով բարձր ջերմային մշակումն ապահովելու նպատակով փայտի փոխարեն Արմավիրից բերված բիովառելիք՝ բրիկետ և հնդկացորենի կեղև են օգտագործում:

Հնդկացորենի վերամշակման ծրագիրը Հայաստանում իրականացնում է Եվրոպական հարևանության գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման (EMPARD ) փորձնական ծրագրով: Կազմակերպությունը 2015 թ-ից աշխատում է առաջնային արտադրող եւ վերամշակող 53 կոոպերատիվների հետ՝ տրամադրելով սարքավորումներ եւ իրականացնելով ֆերմերների մասնագիտական վերապատրաստում: Բավրայի գործարանի կառուցման եւ տեխնիկապես վերազինման համար ծախսվել է 200.000 եվրո գումար:

Հնդկացորենի վերամշակման գործարանն իր տեսակով միակը չէ Հայաստանում: 2016 թվականի դեկտեմբերին նույն ծրագրով առաջին գործարանը հիմնվել է Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում: Նույն տարի էլ ծրագրի շրջանակներում 5 մարզում ցանվել է 520 հա հնդկացորեն, այս տարի արդեն աճել է ցանքատարածությունների թիվը: Նշված գործարանում մտածում են նաև հնդկաձավարից ալյուր ստանալու տարբերակը:

Նախարարը կարևորել է հնդկացորենի արտադրության ընդլայնումը նաև ներմուծումը տեղական արտադրանքով փոխարինելու կառավարության որդեգրած քաղաքականության տեսանկյունից: Շահառուները նշել են, որ ծրագրի շնորհիվ հնարավորություն է ստեղծվել նոր, ոչ ավանդական մշակաբույսի արտադրությամբ զբաղվել, հնդկացորենի մշակությունն առավել եկամտաբեր է, հնարավորություն է տալիս ցանքաշրջանառություն ապահովել, անվճար տրամադրվել Է սերմացու, պարարտանյութ, կազմակերպվել են դասընթացներ:

Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել է Բավրայում և Ծովագյուղում ստեղծված հնդկաձավարի արտադրությամբ զբաղվող գործարանների գործունեությանն առնչվող հարցեր: Հանդիպման մասնակիցները առաջարկել են քննարկել գործարանների գազաֆիկացման հարցը` առավել բարձրորակ արտադրանք ստանալու նպատակով: Մասնակիցները ներկայացրել են նաև ներմուծվող հնդկացորենի գնի, մասնագետների համալրման և սարքավորումների տրամադրման հարցերը: Հանդիպման մասնակիցները մասնավորապես տեղեկացրել են, որ վերջին շրջանում զգալիորեն իջել է ներմուծվող հնդկացորենի գինը, մինչդեռ իրենց տվյալներով միջազգային շուկայում գնանկում չի նկատվում, ինչը խնդիր է առաջացնում տեղական արտադրողների համար իրացման հարցում:

 Ուշագրավ
«Երկարացնելու ենք թուրքական ապրանքների ներմուծման արգելքը»,-ասել էնա
Նա ասել է, որ 2020-ին տնտեսությունն ունեցել է ընդամենը 7.6 տոկոս անկում
ՌԱԷԿ-ի մասնագետները ներկայացրել են տեխնիկական սպասարկման և վերանորոգման ուղղությամբ տարվող աշխատանքը
---