Արագածոտնում 33 հա ինտենսիվ այգի է հիմնվել. Ջրի վարձը նվազել է 30 անգամ

Արագածոտնում 33 հա ինտենսիվ այգի է հիմնվել. Ջրի վարձը նվազել է 30 անգամ

PanARMENIAN.Net - Արագածոտնի մարզում հիմնվել է 33 հեկտար ինտենսիվ այգի՝ կաթիլային ոռոգման համակարգով: Արդյունքում, այգու սեփականատերը մեկ տարվա ընթացքում վճարել է ընդամենը 100.000 դրամ ջրի վարձ: Նույն տարածքով այգու ջրի վարձը, ըստ մասնագետների, տարեկան սովորաբար կազմում է 3.3 մլն դրամ:

Այս մասին վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ասել է մարզպետարանի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուն նշել է, որ մարզում իրականացվում են տարբեր ծրագրեր, որոնք կնպաստեն աճի ավելի բարձր տեմպերի ապահովմանը:

Վարչապետն ընդգծել է. «Գյուղատնտեսությամբ զբաղվելը մեր երկրում պետք է գրավիչ դառնա: Վստահ եմ, որ այս ծրագրերով մեր գյուղացուն հնարավորություն ենք տալու արժանավայել աշխատանքով պահել իր տունը: Գյուղատնտեսության զարգացումը մեզ համար գերխնդիր է»:

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ Կարեն Կարապետյանը անբավարար է գնահատել մարզում 2 տոկոսի աճ ապահովելու թիրախը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ինտենսիվ այգիների, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման, մթերումների կազմակերպման, գյուղտեխնիկայի համալրման ուղղությամբ կառավարության սուբսիդավորվող վարկային ծրագրերը միտված են արդյունավետության բարձրացմանն ու ինտենսիվության ապահովմանը:

Խորհրդակցությանը քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները:

Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մակրոտնտեսական ցուցանիշները` Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը նշել է, որ այս տարվա ընթացքում գյուղոլորտում նախատեսվում է 2 տոկոսի աճ:

Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել մարզի համայնքների սեփական եկամուտների աճի տեմպերից, միաժամանակ շեշտել, որ համայքների միջև համեմատականը ցույց է տվել կարգապահության բարձրացման խնդրի առկայություն:

«Ֆինանսական առումով մարզի ցուցանիշներն ու աճի տեմպերը գոհացուցիչ են: Ուրախալի է նաև, որ ոլորտի պատասխանատուները գիտեն յուրաքանչյուր համայնքի ուժեղ և թույլ կողմերը, ինչը կնպաստի ֆինանսական կարգապահության ապահովմանը», - ասել է վարչապետը:

Արագածոտնի մարզ այցի շրջանակում վարչապետ Կարապետյանն այցելել է նաև Ապարանի թռչնաբուծական և խոզաբուծական ֆերմերային տնտեսություն, շոկոլադի արտադրությամբ զբաղվող «Գուրմէ Դուրմէ» ընկերություն: Կառավարության ղեկավարը ծանոթացել է ֆերմերային տնտեսության գործունեությանն ու շոկոլադի արտադրության ծրագրերին:

Շոկոլադի արտադրությամբ զբաղվող ընկերությունն էլ արդեն իսկ ավարտել է արտադրական նոր գործարանի շինարարությունը: «Գուրմէ Դուրմէ»-ի ֆրանսահայ գործարարները կատարել են լրացուցիչ 200.000 եվրոյի ներդրում, ինչի արդյունքում կստեղծվի 20 նոր աշխատատեղ: Նախատեսվում է արտադրանքն արտահանել ԵԱՏՄ շուկաներ:

Վարչապետին զեկուցվել են նաև Արագածոտնի մարզում բիզնես ծրագրերի իրականացման, զբոսաշրջության, ենթակառուցվածքների ոլորտներում իրավիճակի և առկա խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---