Մաշտոցի պուրակում ձրի շուկա կկազմակերպվի

Մաշտոցի պուրակում ձրի շուկա կկազմակերպվի

PanARMENIAN.Net - Երևանի Մաշտոցի պուրակում առաջին անգամ կկազմակերպվի Ձրի շուկա: Ակցիան տեղի կունենա սեպտեմբերի 24-ին 16:00-21:00-ն:

Սովորաբար ձրի շուկան կազմակերպվում է hանրային` բոլորին հասանելի վայրերում:

Ցանկացողները կարող են նախապես կամ հենց շուկայի անցկացման ժամին բերել իրերը, թողնել այլ նմանատիպ իրերի կողքին և սկսել որոնել այն, ինչ պետք է իրենց։ Ինչպես նշում են նախաձեռնության հեղինակները, եթե բերելու ոչ մի բան չկա, խնդիր չէ՝ «այստեղ փոխանակությամբ չեն զբաղվում և գին չեն որոշում․ պարզապես վերցրեք այն, ինչը այլևս պետք չէ տիրոջը»:

«Ձրի շուկան ենթադրում է, որ ինչ-որ մեկն ունի որևէ իր, որն իրեն պետք չէ, և միաժամանակ կարող է հավանել ուրիշի իրը։ Բարդ է գտնել նրան, ով ունի այն, ինչ հարկավոր է ձեզ, և միաժամանակ ցանկանում է այն, ինչ ունեք դուք։ Մասամբ այդ պատճառով է ընդունված վաճառել և գնել՝ օգտագործելով դրամը, ինչը ձանձրալի է, բերում է տնտեսական ճգնաժամերի ու մարդկանց շահագործման։ Փոխարենը, ձրի շուկան ստեղծում է միջավայր ու համակարգ, որը թույլ է տալիս ձեռք բերել այն, ինչ պետք է, ձերբազատվել իրերից, որոնց կարիքը չունեք, և այդ ամենը` առանց որևէ կոմերցիայի»,-ասվում է ասվում է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում:

Միևնույն ժամանակ ձրի շուկան միայն իրեր ձեռք բերելու վայր չէ՝ ամենակարևորը մարդկային շփումն է։ «Դժվար թե այստեղ լինեն փահլևաններ և լարախաղացներ, բայց կլինի ակուստիկ համերգ և որքշոփներ։ Դուք կարող եք կիսվել ոչ միայն իրերով, այլև փորձով և լավ ժամանակ անցկացնել»,-ասվում է հայտարարության մեջ։

«Ֆրիմարկեթի» ավելի հաճելի ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ է պահպանել մի քանի պարզ կանոն. եթե համարում եք, որ ձեր իրը պիտանի չէ օգտագործման համար, դեն նետեք այն, մի ծանրաբեռնեք այլոց, եթե ձեր իրը թերի է, նշեք այդ թերությունները թղթիկի վրա և փակցրեք իրին, եթե բացի ձեզանից նույն իրը ուզում է վերցնել մեկ ուրիշը, դուք կարող եք. քննարկել, թե ում է այն ավելի հարկավոր/ օգտակար:

Ձրի շուկայում մարդկային հարաբերությունները և լավ ժամանցը իրերից կարևոր են:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---