«Մոսկովսկի կոմսոմոլեց». Հայաստանը հիասքանչ է, չնայած իր բոլոր խնդիրներին

«Մոսկովսկի կոմսոմոլեց». Հայաստանը հիասքանչ է, չնայած իր բոլոր խնդիրներին

PanARMENIAN.Net - «Մոսկովսկի կոմսոմոլեցը» մեծ հոդված է հրապարակել Հայաստանի մասին որպես մի երկրի, որը հիասքանչ է, չնայած եղած բոլոր խնդիրներին: Հեղինակը նկարագրում է իր ուղևորությունը Հայաստան՝ նշելով, որ թեև երկիրը կարծես պետք է լավ ծանոթ լինի ռուսներին, միևնույն ժամանակ «բոլորովին անծանոթ է»:

«Մենք չգիտենք Հայաստանը որպես ցնցող բնության և ոչ պակաս ցնցող հին հուշարձաններ երկիր: Եվ մենք չգիտենք, որ Հայաստանն այն երկիրն է, որտեղ հատուկ վերաբերմունք կա ռուսների հանդեպ»,-ասվում է հոդվածում:

«Երևանն աշխարհի հինավուրց քաղաքներից մեկն է: Համարվում է, որ այն հիմնվել է մ.թ.ա. 782 թվականին, Հռոմից առաջ: Սակայն քաղաքն իր այսօրվա տեսքը ստացել է հիմնականում խորհրդային տարիներին, սակայն դա ամենեևին էլ հիասթափվելու առիթ չէ: Երևանի կենտրոնն իսկական հայտնագործություն է այդ շրջանի ճարտարապետության սիրահարների համար: Երևանի ճարտարապետությունը ևս մեկ առանձնահատկություն ունի՝ դա տարբեր երանգների տուֆից կառուցված շենքերն են (ի դեպ, հայկական տուֆով է երեսպատված Նյու Յորքում գտնվող ՄԱԿ քարտուղարության շենքը), ինչը քաղաքին լրացուցիչ կոլորիտ է հաղորդում»,-ասվում է հոդվածում:

Հեղինակը նշում է, որ անշուշտ, երևանյան կոլորիտը միայն տուֆը չէ: «Դա դժվար բացատրելի մի բան է, որը կարելի է բնութագրել «մթնոլորտ» բառով: Ուշ երեկոյան մենք դուրս եկանք հյուրանոցից զբոսնելու և հայտնվեցինք Օպերայի հարակից հրապարակում: Հայտնվեցինք ու այլևս չէինք ուզում հեռանալ...Ինձ թվաց, որ մեզ հետ միասին զբոսանքի է դուրս եկել ամբողջ Երևանը: Սովորաբար ամբոխն իմ պարագայում վտանգի զգացողություն է առաջացնում, բայց այս դեպքում ամեն ինչ այլ էր՝ օդում կարծես խաղաղության ու լիակատար անվտանգության զգացողություն էր տարածված: Ավելի ուշ պարզվեց, որ այդ զգացողությունը սուբյեկտիվ չէր»:

«Իսկ հայկական եկեղեցական ճարտարապետությունն ուղղակի ապշեցնում է, այն միանգամից հոգու մեջ է մտնում: Բոլոր հայկական վանքերն ու եկեղեցիները շատ պարզ և զուսպ են իրենց ոճով, նվազագույն զարդարանքով: Սակայն այդ զսպվածության և պարզության մեջ այնքան ներքին ուժ, այնքան արժանապատվություն կա, այնքան էներգետիկա, որ դա զգաց նույնիսկ իրեն առանձնապես հավատացյալ չհամարող մարդը»,-ասվում է հոդվածում:

«Պատկերացրեք՝ լեռների գագաթներ, երկար ու խորը կիրճը, որի հատակավ արագահոս գետ է անցնում: Պատկերացրեք այսպես կոչված Քարերի սիմֆոնիան՝ եզակի մի բնական հուշարձան: Պատկերացրեք ժայռափոր եկեղեցին: Պատկերացրեք կիրաճի ամենաեզրին կանգնած հեթանոսական տաճարը: ...Սա երևակայական մի պատկեր չէ, սա շատ կոնկրետ մի վայր է՝ Գառնի-Գեղարդ, որտեղ գտնվում են այդ հրաշալիքները»,-ասվում է հոդվածում:

«Հայաստանն այն երկիրը չէ, ուր մեկնելիս, սպասարկման շատ բարձր մակարդակ է պետք ակնկալել: Անշուշտ կան, հիանալի հյուրանոցներ և ռեստորաններ, սակայն, եթե Վրաստանը վաղուց հասկացել է, որ պետք է շեշտը դնել զբոսաշրջության վրա, ապա Հայաստանը նոր-նոր է սկսում դա գիտակցել»,-գրել է հեղինակը:

«Բնությունից և հինավուրց վանքերից բացի Հայաստանի հմայքը ևս մեկ բաղադրիչ ունի՝ դա մարդիկ են: Մարդիկ, որոնք անասելի լավ են վերաբերվում ռուսներին»,-ասվում է հոդվածում:

Հեղինակը չի ժխտում, որ Հայաստանում բազում խնդիրներ կան. «Սակայն Հայաստանը հիասքանչ է անկախ բոլոր խնդիրներից: Եվ թող այդպիսին էլ մնա՝ հիանալի երկիր, որտեղ սիրում են ռուսներին»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---