Ամերիկյան Acopian ընկերության արտադրանքից օգտվում են NASA-ն և Tesla-ն

Ամերիկյան Acopian ընկերության արտադրանքից օգտվում են NASA-ն և Tesla-ն

PanARMENIAN.Net - Acopian ամերիկյան ընկերության արտադրանքից օգտվում են ամերիկյան տարբեր ընկերություններ՝ Disney-ից մինչև NASA և Tesla:

Ինչպես նշում է Acopian-ի գլխավոր ինժեներ Մարք Ուիլքինսը, Acopian ընկերությունը տասնյակ հազարավոր էլեկտրական մասեր է արտադրում, իսկ ընկերության ապրանքանիշը կարելի է տեսնել ԱՄՆ առաջադեմ ու խոշորագույն կազմակերպությունների սարքավորումների վրա: «Մենք մասեր ենք պատրաստում խոշոր արտադրությունների, տիեզերքի, ռազմական կարիքների, հետազոտական, առողջապահական և էլեկտրականություն արտադրող կազմակերպությունների համար»,-ասել է նա, գրում է «Ամերիկայի ձայնը»:

Ընկերությունը հիմնադրվել է 60 տարի առաջ: Ինչպես պատմել է Acopian ընկերության մարքեթինգի գծով տնօրեն Ալեքս Կարապետյանը, իր քեռին՝ Սարգիս Հակոբյանն է հիմնել էր ընկերությունը: 1957-ին, աշխատելով մեկ այլ ընկերության համար, Սարգիսն էլեկտրական յուրահատուկ էլեկտրական մասի կարիք ուներ: Պատվերը կատարելու համար Սարգսին այդ մասն անհրաժեշտ էր երկու օրվա ընթացքում, սակայն, ոչ մի ընկերություն չէր կարող արագ պատրաստել անհրաժեշտ մասը: Սարգիս Հակոբյանը գործում է ամեն հային ծանոթ բանաձևով:

«Դրա համար, ինքը նախագծեց, սարքեց և գործածեց: Այդ ժամանակ հասկացավ, որ մյուսներն էլ կարիք կունենան արագ պատրաստվող էլեկտրական մասերի», պատմում է Ալեքս Կարապետյանը:

Մրցակիցներից Acopian-ն առանձնանում է առաջին հերթին անհատական նախագծով էլեկտրական մասեր և սարքավորումներ արտադրելու կարողությամբ: Այդ պատճառով Acopian-ն օգնում է մարդկանց նոր բացահայտումներ անել, զվարճանալ, հաղթահարել բնության սահմանափակումներն ու նվաճել տիեզերքը:

«Walt Disney ընկերությունը շատերն են ճանաչում: Նրանք մեր էլեկտրական մասերն են օգտագործում իրենց արագընթաց կարուսելներում: NASA-ի շատ նախագծերում՝ Hubble աստղադիտակում, Appollo Mission-ի թեստային սարքավորումներում օգտագործում են մեր մասերը», - նշում է Ալեքս Կարապետյանը:

Ալեքս Կարապետյանի խոսքով, 60 տարի առաջ ընկերության հիմնադիր Սարգիս Հակոբյանը հավաքել էր նաև արեգակնային էներգիայով աշխատող աշխարհում առաջին ռադիոընդունիչը: Գաղափարը սակայն իր ժամանակների համար այնքան առաջադեմ էր, որ լայն տարածում չգտավ: Բայց Acopian ընկերությունը դեռևս այն ժամանակներից է սերտ համագործակցություն պահպանել վերականգնվող, շրջակա միջավայրի համար անվտանգ էներգիա արտադրող ոլորտի հետ և այսօր Acopian-ների մասերը օգտագործվում են արեգակնային և քամու էներգիա ստացող սարքավորումներում ինչպես նաև էլեկտրական ավտոմեքենաներ արտադրող Tesla ընկերության կողմից:

Ալեքսի խոսքով, Acopian-ների գաղտնիքն այն է, որ արտադրությունն ամբողջությամբ կատարվում է միայն Միացյալ Նահանգներում: Մեկ այլ գաղտնիք՝ ընկերության սեփականատերերը երբեք չեն մոռանում իրենց հայկական արմատները: «Երկու շաբաթ առաջ առցանց մեզ պատվեր է գալիս Կանադայից՝ Անդրանիկ Սարգսյանից: Տեսա անունը՝ անմիջապես զանգահարեցի, սկսեցի հայերեն խոսել: Նա չէր սպասում, որ դա հնարավոր է, կարծում էր Acopian ընկերության միայն անունն է հայկական: Եվ հենց այդ րոպեից, երբ զանգեցի, կարծես թե մենք երկար տարիների ընկերներ ենք», - պատմում է Ալեքս Կարապետյանը:

Ամերիկյան Acopian ընկերությունն օգնում է Հայաստանին պահպանել շրջակա միջավայրը: Հայաստանում Ամերիկայի Համալսարանին կից գործող Acopian բնապահպանական կենտրոնն օգնում է Հայաստանին ոչ միայն պահպանել բնությունն այլ նաև դրանից առավելագույնը ստանալ՝ զարգացնելով էկոտուրիզմը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---