ԵՊՀ ռեկտոր. Բուհերը չափազանց ծանր բեռի տակ են՝ կապված զեղչերի հետ

ԵՊՀ ռեկտոր. Բուհերը չափազանց ծանր բեռի տակ են՝ կապված զեղչերի հետ

PanARMENIAN.Net - Բուհերը չափազանց ծանր բեռի տակ են՝ կապված զեղչերի հետ, այդ զեղչերը առաջին հերթին պիտի վերաբերեն ծառայած ուսանողներին: Այդ մասին հայտարարել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ԱԺ-ում «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենսդրական նոր կարգավորումների մասին խորհրդարանական լսումների ժամանակ:

«Խնդրում եմ՝ զեղչերի ծանր բեռի հարցում պնդել, որ առաջին հերթին ծառայածներին տրվի, նոր՝ մյուս խմբերին: Համաձայն ենք, որ պարտադիր է մեզ համար ծառայած ուսանողների զեղչերի խնդիրը, մնացածը լրացուցիչ բեռ է մեզ վրա և խնդրում ենք հստակ տարանջատվի»,-ասել է նա՝ հավելելով, որ բուհերի բյուջեի 70 տոկոսը զեղչերին է գնում, գրում է «Առավոտը»:

Ռեկտորն անդրադարձել է նաև տարկետմանը՝ նշելով, որ տարկետման իրավունքն այսօր այս ձևով արդարություն ապահովել չի կարող: «Մենք կողմ ենք այն դրույթներին, որոնք վերաբերում են այդ սկզբունքի վերացմանը կամ դրա ավելի ստույգ դարձնելուն»,- ասել է նա:

«Բակալավրիատի ուսանողները առաջին կիսամյակը չավարտած՝ բանակ են զորակոչվելու: Խնդրում ենք, որ կիսամյակը ավարտի, նոր զորակոչվի: Բակալավրիատը 4 տարի է, որից հետո 2 տարի ծառայում է բանակում, վերադառնում է, երկու տարի մագիստրատուրայում է շարունակում, հետո՝ ասպիրանտուրա, 30 տարեկան դարձած՝ նա նոր միայն կարող է որպես գիտությունների թեկնածու լինել: Երիտասարդ գիտնական հասկացողությունը դուրս է գալիս: Գոնե հնարավորություն տրվեր, որ ուսանողները փակեին կիսամյակը, առաջին կիսամյակի քննությունները հանձնեին, նոր զորակոչվեին, ժամանակի խնայողություն կլինի»,-ասել է նա:

Արամ Սիմոնյանը խոսել է նաև արևմտյան համալսարաններում սովորող ուսանողներին տարկետում տալու մասին. «Ես դեմ եմ դրան, որովհետև նույնիսկ լավագույն արևմտյան համալսարաններում սովորել՝ չի նշանակում, որ բոլորն արտակարգ ընդունակություններով օժտված մարդիկ են, մարդիկ գնում են, փողը մուծում են, կրեդիտները հավաքում են և այլն: Դուք կարող եք տեսնել Քեմբրիջում սովորող հայ շատ ուսանողներ, որոնց առաջադիմությունը մեղմ ասած, լավ չի և նրանց տարկետում տալ՝ դա արդար չի»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---