Թուրքիան Բաքվին չի հանձնում Արցախ այցելած 4 թուրք մտավորականին

Թուրքիան Բաքվին չի հանձնում Արցախ այցելած 4 թուրք մտավորականին

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողներն անհանգստացած են, թե ինչու Թուրքիան ադրբեջանական դատարանի դատին չի հանձնում Արցախի Հանրապետություն այցելած 4 թուրք մտավորականին:

Թուրք գործիչները «Արևմտահայոց ազգային համագումար» միջազգային ոչ կառավարական կազմակերպության համանախագահ Արագած Ախոյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 22-ին ճանաչողական այցով գտնվել են Արցախում և Ստեփանակերտում հանդես եկել մամլո ասուլիսով:

Ադրբեջանի «Ժամանակակից մարտավարական հետազոտությունների կենտրոնի» նախագահ Սեյմուր Սուլեյմանովը իր գրավոր մտահոգությունն է հայտնել թուրքական թերթին՝ հայտնելով թուրք մտավորականների ղարաբաղյան այցից ծագած ճգնաժամի մասին, գրում է ermenihaber-ը թուրքական «Aydınlık» թերթի կայքէջի վրա հղումով:

Սուլեյմանովը նշել է, որ Ադրբեջանում մեծ հիասթափություն է առաջացրել այն հանգամանքը, որ Թուրքիան չի արտահանձնում սեպտեմբերի 22-ին Լեռնային Ղարաբաղ այցելած քաղաքական գործիչ Ուֆուք Ուրասին, գրող Սաիթ Չեթինօղլուին, լրագրողներ Ալի Բայրամօղլուին և Էրոլ Քաթըրջրօղլուին:

«Ադրբեջանի այսօրվա օրակարգում այն հարցն է, թե ինչու Թուրքիան, որին եղբայր ենք համարում, դեռ մինչև օրս չի արտահանձնել իր 4 քաղաքացիներին»,- գրել Սուլեյմանովը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել վերոնշյալ 4 թուրք մտավորականների դեմ և Թուրքիայից պահանջել է արտահանձնել այդ անձանց:

«Ավաղ: Ադրբեջանը այս հարցում շատ վիրավորված է: Ամենամտերիմ ընկեր ու եղբայր Թուրքիայից անհապաղ արտահանձնում էր ակնկալվում: Բայց Անկարան, չգիտես ինչու, շատ սառն է վերաբերում դեպքին: Ադրբեջանցի քաղաքական գործիչների կողմից վերջին շրջանում ամենից հաճախ օգտագործվող արտահայտությունը «Թուրքիայից նման բան չէինք սպասում» արտահայտությունն է», - գրել է ադրբեջանցի գործիչը:

Սուլեյմանով հիշեցրել է, որ Ադրբեջանը սպասում է թուրք գործիչների արտահանձնմանը և հույս հայտնել, որ երկու երկրների միջև այս խնդիրը շուտափույթ հանգուցալուծում կստանա:

Ադրբեջանի դատախազությունը Արցախ այցելած Թուրքիայի Կանաչների և ձախակողմյանների կուսակցության հիմնադիր անդամ, «Անկարայի մտքի հարթակ» հասարակական կազմակերպության ղեկավար, Թուրքիայի 23-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր Ուֆուք Ուրասի, գրող, հրապարակախոս Սաիթ Չեթինօղլուի, լրագրողներ Ալի Բայրամօղլուի ու Էրոլ Քաթըրջըօղլուի վերաբերյալ կալանավորման որոշում է կայացրել և միջազգային հետախուզում հայտարարել: Ադրբեջանը նշյալ անձանց ձերբակալելու համար դիմել է Թուրքիայի համապատասխան կառույցներին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---