ՀՀ նախագահ. Հայ և հնդիկ առևտրականներն ամուր կապեր են հաստատել դեռևս մեր թվարկության առաջին հազարամյակում

ՀՀ նախագահ. Հայ և հնդիկ առևտրականներն ամուր կապեր են հաստատել դեռևս մեր թվարկության առաջին հազարամյակում

PanARMENIAN.Net - Հայ և հնդիկ առևտրականներն ամուր կապեր են հաստատել դեռևս մեր թվարկության առաջին հազարամյակում: Այդ մասին ՀՀ նխագահ Սերժ Սարգսյանը հիշեցրել է նոյեմբերի 3-ին Նյու Դելիում Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդի հետ հանդիպմանը:

Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նախագահ Քովինդի հետ հանդիպումը նոր լիցք կհաղորդի հայ և հնդիկ ժողովուրդների բարեկամության ամրապնդմանն ու երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը: Հանրապետության նախագահը բավականին տպավորիչ է համարել Հնդկաստանի պարենի համաշխարհային համաժողովը և ցուցահանդեսը, որի բացմանն իր գլխավորությամբ մասնակցել է նաև Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը:

Նախագահը գոհունակությամբ է խոսել Հնդկաստան իր աշխատանքային այցի շրջանակներում վարչապետ Մոդիի և փոխնախագահ Նայդուի հետ կայացած արդյունավետ հանդիպումների մասին, որոնց ընթացքում հանգամանալից անդրադարձ է եղել միջխորհրդարանական և միջկառավարական մակարդակներով հայ-հնդկական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը:

Անդրադառնալով հայ-հնդկական դարավոր բարեկամությանը` Սերժ Սարգսյանը նշել է, որ երկու ժողովուրդների հարաբերությունների մասին մեծ թվով հիշատակումներ կան պատմիչների գործերում. բազմաթիվ աղբյուրների պնդմամբ, հայ և հնդիկ առևտրականներն ամուր կապեր են հաստատել դեռևս մեր թվարկության առաջին հազարամյակում: Նախագահ Սարգսյանը պատահական չի համարել, որ 16-րդ դարից սկսած Հնդկաստանի մի շարք խոշոր քաղաքներում ձևավորվել են զգալի թիվ կազմող հայկական համայնքներ, որոնք ակտիվ դերակատարություն են ունեցել Հնդկաստանի հասարակական ու քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում:

Հայկական համայնքներից միայն Կալկաթայի համայնքի մասին խոսելիս նախագահը նշել է, որ 17-19-րդ դարերում այդ համայնքը շատ կենսունակ էր և ակտիվ հասարակական-քաղաքական մասնակցություն ուներ ոչ միայն Հնդկաստանի, այլ նաև ողջ հայության կյանքում: Այդ համատեքստում նախագահը հիշատակել է 1794թ. Մադրասում տպագրված հայկական առաջին տպագիր պարբերականը` «Ազդարարը», ինչպես նաև գրեթե նույն ժամանակահատվածում հրատարակված Հակոբ Շահամիրյանի «Որոգայթ փառաց»-ը, որը ուրվագծել է անկախ հայոց պետության ապագա Սահմանադրությունը:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հնդկաստանի նախագահին և հնդիկ ժողովրդին Հնդկաստանում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար: Նշելով, որ վաղն այցելելու է Ագրա քաղաքում գտնվող Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ, Նախագահը ուրախությամբ է փաստել, որ այդ հոյակերտ հուշարձան-դամբարանի կառուցմանը մասնակցել են նաև հայ շինարարներ:

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 25 տարիների ընթացքում Հայաստանին և Հնդկաստանին հաջողվել է պատմական խորը արմատներ ունեցող բարեկամական հարաբերությունները վերածել միջպետական ջերմ և գործընկերային հարաբերությունների: Նախագահը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը` այդ նշանակալից հոբելյանի կապակցությամբ հղած շնորհավորանքի համար և հույս հայտնել, որ բարձր մակարդակի պարբերական հանդիպումները կօգնեն լիարժեքորեն բացահայտելու երկու երկրների միջև առկա համագործակցության մեծ ներուժն ու նախանշելու երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղղությունները:

Հնդկաստանի նախագահը գործընկերոջը շնորհավորել է նաև Հայաստանում իրականացված բարեփոխումների և պետական կառավարման նոր համակարգի անցնելու, ինչպես նաև խորհրդարանական ընտրություններում Հանրապետության նախագահի գլխավորած կուսակցության հաղթանակի կապակցությամբ` մաղթելով հաջողություններ:

Հանդիպմանը հայ-հնդկական երկկողմ և բազմակողմ փոխգործակցության օրակարգի հարցերից բացի, անդրադարձ է եղել տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին, այդ թվում` ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Նախագահ Ռամ Նաթ Քովինդը վերահաստատել է հակամարտությունները խաղաղ ճանապարհով և երկխոսության միջոցով լուծելու` իր երկրի դիրքորոշումը և ընդգծել, որ Հնդկաստանն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---